
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի. վարչապետ
«Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին, բայց նաև հորդորեց քաղաքացիների արժանապատվությունը պահպանել:
Վարչապետը հայտարարեց, որ դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթը և բերանը փակելու համար և այն պետք է ճիշտ կրել:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ մեկ ամսի ընթացքում, բացի մեկ օրից, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 200-ից պակաս դեպք, բայց երեկ արձանագրվել է 295 նոր դեպք, իսկ դրա նախորդ օրը՝ 257 դեպք: Վարչապետը դեպքերի աճը կապեց նաև կատարվող թեստերի թվի աճի հետ, երբ իրականացվել է համապատասխանաբար 4319 և 4135 թեստավորում: Նա նկատեց, որ հայտնաբերումների տոկոսը մնում է ցածր:
Առողջապահության նախարարին փոխարինող փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ թեստավորման արդյունքներում տոկոսային աճ կա և այն այսօր մոտ 7 տոկոս է կազմում:
«Մենք կարծում ենք, որ այս աճը պայմանավորված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացման և առևտրի հետ», - նկատեց փոխնախարարը՝ փաստելով, որ սեպտեմբերի 15-ին բացվեցին դպրոցները, բայց մինչև այդ բավական ակտիվություն էր նկատվում: Փոխնախարարի խոսքով, առաջիկա երկու շաբաթների դիտարկումների ընթացքում կտեսնեն, թե ինչպես է այն ազդում հիվանդության կորի վրա:
Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունեն՝ այն դիմակի կրումն է և այդ պայմանը պետք է պահպանվի: Նրա խոսքով, դիմակի կրումը անհարմարություն է բոլորի համար, բայց պետք է արվի, քանի որ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք:
Վարչապետը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում կա 925 կորոնավիրուսից մահացած մարդ և ևս 283 կորոնավիրուսով վարակվածներ այլ պատճառներով են մահացել:
Նրա խոսքով, ամեն 100 դեպքից 2-ը անխուսափելիորեն մահ է:
«Երբ տեսնում եմ, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ավելի եմ համոզվում, որ մեր ռազմավարությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ճիշտ ճանապարհն է»,- հայտարարեց վարչապետը և ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի, այն երկրները որտեղ սահմանափակումներով համաճարակային լավ արդյունքներ են ունեցել, այնտեղ տնտեսական պրոբլեմները շատ ավելի խորն են:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին