Կադաստրի կոմիտեից տեղեկատվություն ստանալու համար կգործեն նոր սակագներ
«Մոտավորապես տասը տարի է, ինչ բարձրաձայնվում է, որ պետք է Կադաստրի համակարգը թվայնացվի, բայց դա անընդհատ հետաձգվում է»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, հիմա կարծես թե սայլը տեղից շարժվում է, թեև Հայաստանը թվայնացման հարցում շատ է հետ ընկել.
«Մեր մարդկային ունակությունները բավականին մեծ են, բայց գործնականում դրանք լիարժեք չեն արտահայտվել։ Եվ սա այդ բնագավառում կարևոր քայլ է։ Բայց և այնպես, ինձ համար անհասկանալի է՝ եթե ԶԼՄ-ներին հնարավորություն ենք տալիս անվճար օգտվել համակարգից, ապա փաստաբաններին ինչո՞ւ չենք տալիս։ Նրանք էլ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար ոչինչ չեն վճարում, բայց Կադաստրի կոմիտեին պետք է վճարեն։ Սրանք այն խնդիրներն են, որ կարծում եմ, պետք է լուծենք, ապա նոր նախագիծն ընդունենք»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի խոսքով, նախագծով ընդլայնվում է սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը։
«Բացի այդ, նախատեսվում է վարչարարության թեթևացում, և քաղաքացիները ստիպված չեն լինելու հատակագծերը թղթային տարբերակով ներկայացնել Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Հստակեցվում է նաև, որ սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, իսկ եթե հարցումը էլեկտրոնային է լինելու, ապա այն պետք է լինի էլեկտրոնային ստորագրությամբ»,- ներկայացրել է նա։
Ըստ Նարինե Ավագյանի, Կադաստրի կոմիտեից տեղեկատվություն ստանալու համար նոր սակագներ են սահմանվել։
Հողի վերաբերյալ տեղեկատվության համար քաղաքացին պետք է վճարի 500 դրամ, իսկ ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկատվության համար նախատեսվում է 300 դրամ տուրք։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի