Գործադիրը 15 հազար քառակուսի մետր տարածք տրամադրեց Թումոյին
Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց «Էփիջի լեբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրել և անհատույց օտարել:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, այդ տարածքում «Էփիջի լեբս ԷյԷմ» ՍՊԸ-ին պատկանող 15 հազար քառակուսի մետր տարածքը տրամադրվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ բացառապես Թումոյի կողմից ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կառուցելու համար:
Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը տեղեկացրեց, որ 2018 թ. դեկտեմբերին ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրվել է պայմանագիր, որով իրականացվելու է «Հայաստանում Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնությունը, որը միտված է կրթության որակի բարելավմանը:
Դրա շրջանակներում ստեղծվող կրթագիտական կենտրոնը, ըստ նախարարի, իր մեջ ներառում է 4 բաղադրիչ՝ ընդհանուր լաբորատորիաներ, որտեղ որոշվելու են ՀՀ-ի համար կարևոր ուղղություններով իրականացվող գիտական հետազոտությունների թեմաներ՝ նանոտեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում:
Նախարարի խոսքով, այն գիտահետազոտական կենտրոններ կամ բուհեր, որոնք կցանկանան ներգրավվել այդ ծրագրում և այնտեղ տեղափոխել իրենց լաբորատորիաները, հնարավորություն կունենան նաև օգտվելու այն լաբորատորիաներից, որոնք արդեն այստեղ գոյություն ունեն՝ պայմանով, որ իրենց լաբորատորիաներից նույնպես օգտվելու հնարավորություն կընձեռեն:
Հարությունյանը տեղեկացրեց, որ Թումոյի մեթոդաբանությամբ մեծահասակներին կրթություն է տրվելու, և ստեղծվելու է «Թումո լաբս» բաղադրիչը, երրորդ բաղադրիչը ծրագրավորման դպրոցն է, որով նախատեսվում է ոչ ծրագրավորողների համար կազմակերպել դասընթացներ:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ Ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը նույնպես տեղակայվելու է այդ համալիր: