Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Կարեն Օհանջի «Արամյանց» գործը
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) ‹‹Արամյանց›› գործը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ռուսերենից թարգմանել է գրող Դավիթ Սամվելյանը: Այս մասին հայտնում են հրատարակչությունից:
«Արամյանց»-ը արժանահավատ գեղարվեստական պատում է հանճարեղ ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին: Հեղինակը մեզ ծանոթացնում է հայկական բիզնեսի ծագման, դրա զարգացման և գործարար ընտրախավերի փոխհարաբերությունների մշակույթին, և, իհարկե, բուրժուազիական բարեգործության նոր մշակույթի հետ, որը կարելի է սահմանել որպես մարդկայնության դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ունեն կարեկցանքի և օգնության կարիք:
«Արամյանց» վեպը նաև Ռուսական կայսրության ամենահանճարեղ ձեռներեցներից մեկի, բարեգործի և հայ, թիֆլիսյան և Բաքվի մտավորականության հովանավոր մեծ մարդու դրաման է:
«Կան արժեքներ, որոնք միշտ ստորադասվում են անձնական շահերին և անգամ անձնական երջանկությանը: Ահա այսպիսի սկզբունքով էր առաջնորդվում իր ժամանակի ամենահակասական ճակատագրերից մեկի կրողը՝ Միքայել Արամյանցը: Մարդ, որն այդպես էլ իր խաղաղությունը չգտավ սեփական տան պատերից ներս. փորձում էր երջանկացնել նրանց, բարին գործել նրանց համար, ովքեր ունեին այդ պատերի կարիքը: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, որն իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը»,-նշում է գրքի թարգմանիչը:
Դավիթ Սամվելյանի խոսքով՝ կարելի է շատ երկար թվարկել այն որակներն ու հանգամանքները, որոնք առիթ հանդիսացան Արամյանցի վերելքի համար, սակայն առաջնային որակներն ամենաէականն են՝ աշխատասիրություն և նվիրվածություն, անկոտրում կամք ու նպատակ՝ բարին գործելու և իրականացնելու սեփական երազանքները, որոնց լրումը կերջանկացներ ոչ միայն իրեն, այլև իր շրջապատի ու դրանից դուրս գտնվող հասարակ մարդկանց:
«Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունը թողեցին այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրեց ու արարեց՝ Թիֆլիսում, Բաքվում և հայերի կյանքում: Կարեն Օհանջի այս վեպը նվիրումի և անմնացորդ սիրո մի պատում է առ հայրենիք, առ արժեքներ, առ մարդն ու Աստված:Սեր, որն անպարտելի է և հավերժ, սեր, որն Արամյանցին՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացուն, «ստիպեց» չլքել սիրելի քաղաքն անգամ այն դեպքում, երբ այդ նույն քաղաքն ուրացավ նրան ու նրա սերն իր հանդեպ: Եվ սերը հաղթեց. նրա անունն ու գործը մշտապես դաջվեց սերունդների հիշողության մեջ»,-ասում է Դավիթ Սամվելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա