«Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի: Իշխանությունները, որ սեփական թիմակցին ատամներով պահելու սրբազան երդում են տվել մեկմեկու, իրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլև անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու և այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել:
«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հաստատեց` այո, դեպքեր կան, երբ վիրավորանքին վիրավորանքով պետք է պատասխանել: «Ի՞նչ ասել է՝ Արայիկ Հարությունյանն անհարիր բառապաշար է կիրառել, հետևաբար չենք մասնակցում նիստերին: Է, մի՛ մասնակցեք, որ այդպես լիներ, ապա ամեն անգամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «երեքտառանոց» արտահայտություններից հետո պետք է լքեինք նիստերի դահլիճն ու բոյկոտեինք նիստը: Եթե ընդդիմություն են, ուրեմն կարող են ազատորեն ստել ու հերյուրանք տարածել, հա՞»,- նշեց պատգամավորը:
Իմքայլականն ընդգծեց նաև՝ բոլոր նրանք, ովքեր վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, նրա դուստրերի մասին վիրավորական գրառումներ անում, մի պահ թող հիշեն, որ իրենք էլ անցյալ ունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: