Իհարկե, որևէ մեկն ուրախ չէ այն կարգավորումներով, որ կան.ԿԳՄՍ փոխնախարար
«Իհարկե որևէ մեկս ուրախ չէ այն կարգավորումներով, որ կան, սրանք պարտադրված կարգավորումներ են»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Միքայել Մելքումյանի՝ տարրական դասարաններում դիմակ կրելու անթուլատրելիության վերաբերյալ կարծիքին:
Փոխնախարարը նշեց, որ այդ քայլին են գնացել, որովհետև ունեն մեկ գերխնդիր՝ ապահովել կրթական գործընթացը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ միջազգային մակարդակով հնչում են մասնագիտական հիմնավորումներ, որ թթվածնային քաղց առաջացնող տարածքներում տարրական դասարանի աշակերտներն այդ դիմակը չպետք է կրեն, որովհետև շատ բարդ է երեխայից պահանջել նաև դիմակի հետ վարվելու վարքագիծ պահպանել:
«Բա որ ինչ-որ պրոբլեմներ առաջանա, դո՞ւք եք պատասխանելու, թե առողջապահության մարմինը»,- հարցրեց Մելքումյանը՝ նկատելով որ առողջապահության նախարարությունն էլ է առաջարկել այդ պահանջը:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը դիմակների հարցը նույնպես քննարկել է և ուսումնասիրել տարբեր երկրների փորձը:
Նկատելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով դիմակների կրումը կարող է սկսվել 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային վիճակից և գործող կարգավորումներից՝ փոխնախարարը հայտարարեց. «Այստեղ որևէ անհամապատասխանություն միջազգային փորձի և մեր կողմից կիրառվող կանոնի միջև, թույլ տվեք ասել, որ չկա»:
Ըստ փոխնախարարի, նախարարությունում քննարկվում է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը:
ԿԳՄՍ փոխնախարարը ԱԺ-ում ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որի դրույթներից մեկով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը վերապահվում է նախարարությանը:
Ըստ Անդրեասյանի, այն կօգնի պատշաճ կառավարել ոլորտը և վիճակագրությունը հասցնել դրա կարիքը ունեցողներին: Համակարգը կօգնի նաև ոլորտին վերաբերող զեկույցներ և հաշվետվություններ կազմելուն: