Հարկային մուտքերի անկումն այս պահի դրությամբ -12 տոկոս է. Միքայել Մելքումյան
«Երկու օր առաջ Կենտրոնական բանկը հրապարակեց մինչև տարեվերջ այն սպասումների մասին, որոնք ցույց են տալիս մեր հանրապետությունում ստեղծված և շարունակվող տնտեսական ճգնաժամի խորությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշելով, որ ապրիլին կառավարությունը ԱԺ-ում հայտարարեց, որ տնտեսական անկումը կանխատեսում է -2 տոկոս՝ պատգամավորը շեշտեց, որ ԿԲ-ն հիմա կանխատեսում է -6.2 տոկոս:
«Մենք ժամանակին զգուժացրել էինք՝ կառավարությո´ւն, դու ևս մեկ անգամ գալու ես այստեղ ճշգրտումներ անես»,- հիշեցրեց պատգամավորը և արձանագրեց, որ դրանից 4 ամիս հետո այդ անհրաժեշտությունն առաջացել է:
Մելքումյանը հարց ուղղեց կառավարությանը, թե արդյո՞ք պատրաստվում է առաջիկայում գալ ԱԺ, որովհետև, եթե բյուջեի պակասորդի աստիճանը փոխվում է ապա բյուջեում պետք է վերաբաշխումներ կատարվեն, նաև հետաքրքրվեց, թե գործադիրն այդ դեֆիցիտը ինչո՞վ է փակելու:
Նկատելով որ հարկային մուտքերի անկումն այս պահի դրությամբ -12 տոկոս է՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ արդյունաբերության ոլորտում անկման տեմպը մինչև տարեվերջ շարունակվելու է:
Միքայել Մելքումյանը կառավարությանը կոչ արեց, որ առաջիկայում՝ 21 թվականի բյուջետային գործընթացի ժամանակ գա ԱԺ և ասի, թե ինչու իր կանխատեսումները չի իրականանում և երբ ժամանակին ընդդիմությունը իրեն զգուշացնում էր, ինչո՞ւ չէին արձագանքում, որպեսզի իրատեսական անկման տեմպ արձանագրեին ճշգրտված բյուջեի մասին օրենքում: