Վիկտոր Համբարձումյանի 112-ամյակը և Աստղագիտության օրը Հայաստանում
Այսօր Բյուրականի աստղադիտարանում տոնական օր է. նշվում է հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան 112-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։
Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս կապակցությամբ վաղ առավոտյան աստղադիտարանի աշխատակիցներն այցելել են Համբարձումյանի շիրիմ հարգանքի տուրք մատուցելու համար։ Իսկ երեկոյան աստղադիտարանը դռները կբացի հանրության առաջ։
Ժամը 19։00-20։00-ը ԲԱ տնօրեն Ա. Միքայելյանը կանցկացնի հանրամատչելի, բացօթյա դասախոսություն «Վ. Համբարձումյանը և Բյուրականի աստղադիտարանը» թեմայով, իսկ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը կգործի անվճար և բաց կլինի մինչև 21։00։
Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:
Նա ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան