ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ COVAX-ի անունից գլխավորելու է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարման գործընթացը
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորելու է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարման աշխատանքները: Սա, ամենայն հավանականությամբ, աշխարհում պատվաստանյութերի՝ ամենամեծածավալ և ամենասեղմ ժամկետներում իրականացվող գործընթացն է լինելու, որն իրականացվելու է նորաստեղծ ՔՈՎԻԴ -19 պատվաստանյութի համաշխարհային հասանելիությունը ապահովող (COVAX) կառույցի կողմից։ Կառույցը ղեկավարում է Գավի պատվաստանյութերի գլոբալ դաշինքը։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:
Պատվաստանյութերի վստահելի արտադրողների և Առողջապահության համաամերիկյան կազմակերպության (PAHO) Revolving հիմնադրամի հետ համագործակցելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX-ի անունից կապահովվի ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարումների գործընթացը 92 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար։ Գնումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցելու է նաև 80 միջինից բարձր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք մտադիր են գնել պատվաստանյութը պետական միջոցներով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնումների և մատակարարման գծով առաջնորդի դերը ստանձնելու է ԱՀԿ-ի, Գավի դաշինքի, CEPI-ի, PAHO-ի, Համաշխարհային բանկի, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի և այլ գործընկերների հետ համագործակցելով։ COVAX կառույցը բաց է աշխարհի բոլոր երկրների համար և նպատակ ունի ապահովել, որ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրներին։
«Սա կառավարությունների, արտադրողների և միջազգային կառույցների համատեղ ուժեր պահանջող համագործակցություն է՝ հանուն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Պատվաստանյութի մեր ընդհանուր փնտրտուքի մեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապահովելու է, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինները (երբ դրանք հասանելի դառնան) հասնեն բոլոր երկրներ անվտանգ, արագ և հավասար հիմունքներով»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է, որը տարեկան ավելի քան 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ է ձեռք բերում 100 երկրի պլանային պատվաստումների, ինչպես նաև բռնկումներին արձագանքելու համար։ Իր գնումների արդյունավետ գործընթացի շնորհիվ վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կյանքը փրկող պատվաստանյութեր է հասցրել ավելի քան 760 միլիոն երեխայի՝ կանխարգելելով ավելի քան 13 միլիոն մահ։
COVAX կառույցի անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ դիմումների ընդունման հայտարարությանն արձագանքել է 10 երկրում արտադրական միավորումներ ունեցող 28 կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրելով մինչև 2023 թվականը ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի իրենց տարեկան արտադրական ծրագրերը: Ըստ այդ տվյալների՝ պատվաստանյութի ստեղծումից մինչև արտադրություն ընկած ժամանակահատվածը, թերևս, պատմության մեջ ամենասեղմ ժամկետներում իրականացված գիտաարտադրական թռիչքը կարող է դառնալ։
Թեև արտադրողները պատրաստ են 1-2 տարվա ընթացքում աննախադեպ քանակությամբ պատվաստանյութեր արտադրել, այնուամենայնիվ, չափաբաժինների նման մասշտաբային արտադրությանն աջակցելու համար ներդրումները մեծապես կախված կլինեն նաև կլինիկական փորձարկումների հաջող ընթացքից, նախնական առքուվաճառքի պայմանագրերի կնքումից, ֆինանսավորման հաստատումից և գրանցման գործընթացներից։
ԱՀԿ-ն այժմ մեխանիզմ է մշակում, թե ինչպես ուղղորդել COVAX-ի հատկացման շրջանակը, ինչպես և որտեղ են մասնակից երկրների անունից գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ը, PAHO-ն և մյուս գնորդները մատակարարելու ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը: Չափաբաժնի սկզբնական բաշխումը կարող է մեծ լինել, որպեսզի պետությունները հնարավորություն ունենան պատվաստել առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատողներին։
Պատվաստանյութերի չափաբաժինների հաջորդ խմբաքանակը մասնակից երկրներին հնարավորություն կտա պատվաստել կորոնավիրուսի հանդեպ խոցելի, ավելի բարձր ռիսկային գոտում գտնվող բնակչությանը:
Համագործակցության ընդհանուր գործընթացը ներառում է տարբեր քայլեր.
Սարքավորում արտադրողների հետ ծրագրվում է պատվաստանյութի անվտանգ ներարկման համար անհրաժեշտ պարագաների առկայությունը, ինչպես նաև պատվաստանյութի սառցային շղթայի համար համապատասխան պահանջների բավարարումը։
ԱՀԿ-ի հետ՝ ուղեցույցների մշակում և վերապատրաստումներ՝ պատվաստանյութերի արդյունավետ գործածության, պահպանման և բաշխման վերաբերյալ:
Արտադրողների հետ՝ բեռնափոխադրումների և նյութատեխնիկական բազայի ապահովման լուծումների շուրջ աշխատանքներ՝ պատվաստանյութի չափաբաժինները հնարավորինս արագ և անվտանգ երկրներ հասցնելու համար։
Աջակցություն երկրներին պատվաստանյութերի մատակարարման ծրագրավորման գործընթացում, այդ թվում՝ թիրախավորելու ռիսկային գոտում գտնվող անձանց:
Քաղաքացիական հասարակության և տեղական այլ գործընկերների հետ աշխատանքներ են տարվում հանրային իրազեկվածության, ՔՈՎԻԴ-19 պատվաստումների գործընթացի մասին ճշգրիտ և վստահելի տեղեկատվության տարածման համար:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփ․ Պատվաստանյութը կարող է պատրաստ լինել զանգվածային կիրառման մի քանի շաբաթից
- Հայտնի են կորոնավիրուսի պատվաստանյութի հետ անհամատեղելի հիվանդությունները
- ԱՀԿ. Աշխարհում մոտ 180 կորոնավիրուսային պատվաստանյութեր են մշակվում
- Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար
- Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները
- «AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են
- COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած բոլոր պացիենտները դուրս են գրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան