Առաջարկվում է բարեփոխումներ անել կինոյի ոլորտում
«Առաջարկում ենք օրենսդրությամբ կարգավորել կինեմատոգրաֆիայի ոլորտը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ներկայացնելով «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, օրենքների նախագծերը միտված են կինեմատոգրաֆիայի ոլորտի կարգավորմանը։ Մասնավորապես, նպատակ կա կարգավորելու ֆիլմերի նկարահանման, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոններում և կինոշուկաներում մասնակցության համար պետական ֆինանսավորում սահմանելու և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ապահովելու։
Պատգամավորը նշեց նաև, որ պետք է միջոցներ ձեռք առնվեն տարիքային սահմանափակմամբ ֆիլմերը դասակարգելու ուղղությամբ ևս։
«Մինչ օրս ՀՀ-ում չկա կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևէ ակտ։ Կարգավորված չէ ֆիլմերի նկարահանման, տարբեր կինոփառատոններում ներկայացնելու համար պետական աջակցության տրամադրման կարգը։ Չի խրախուսվում արտասահմանյան ֆիլմերի նկարահանումը՝ ՀՀ-ում։ Ինչպես նաև, ֆիլմերի ցուցադրումն իրականացվում է՝ առանց տարիքային սահմանափակման մասին տեղեկատվություն տրամադրելու։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների դաստիարակության, հոգեբանության վրա»,- ներկայացրեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե հիմա ինչո՞ւ է նշված, թե օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2030 թվականին։
Պատասխանելով՝ Աննա Կոստանյանն ասաց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված հիմնավորումներով։
«Օրենքի մի քանի դրույթ է ուժի մեջ մտնելու 2030 թվականից, իսկ բուն օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից շատ կարճ ժամանակ անց։ Իսկ այդ դրույթների ուժի մեջ մտնելու հարա երկար ժամանակ է նշվում, որպեսզի օրենքի կարգավորումից հասկանանք՝ ի՞նչ ազդեցություններ են լիենում, որ հետո էլ տեսնենք՝ այդ դրույթներն այդպե՞ս պետք է մնան, թե՞ փոփոխման կարիք կունենան։ Մենք պետք է հասկանանք՝ պետությունը կինոյի զարգացման ոլորտը կարևորո՞ւմ է, թե՞՝ ոչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա