ԱԺ-ն ընդունեց բյուջեից չֆինանսավորվող անձանց եկամուտների հայտարարագրման մասին և այլ օրենքներ
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ Նիստի մեկնարկին պատգամավորները նախ քվեարկեցին երեկ քննարկված օրենքի նախագծերը։
Այսպես, «Սնանկության մասին» և և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 111 պատգամավոր։
Իսկ ահա «ՀՀ քրեական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունվեց։ Նախագծին դեմ էին քվեարկել 100, կողմ՝ 1 և ձեռնպահ՝ 3 պատգամավորներ։
Վարման կարգով, օրենքի նախագիծը մշակող պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախագծում վրիպակ է եղել, և պետաիրավական հանձնաժողովին ներկայացված տարբերակում որոշ բառեր բացակայել են. «Ուստի առաջարկում եմ դեմ քվեարկել, որպեսզի ճշտված տարբերակով առաջին ընթերցմամբ ներկայացնենք նախագիծը»։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ վարման կարգով ասաց, որ տեխնիկական խնդիրներից բացի նաև ժամկետների հետ կապված խնդիրներ կային, քանի որ օրենքը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերին, բայց այդ առումով մտավախություն կար, որ այդ ժամկետում պատգամավորները չէին հասցնի այն ամբողջությամբ շտկել։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 116 պատգամավոր։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 80, դեմ՝ 33 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Պատգամավորները ընդունեցին նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ էր 101 և դեմ՝ 17 պատգամավոր։
Վարման կարգով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագծի նպատակն ընդունելի և գովելի է, բայց քննարկման արդյունքում մի շարք խնդիրներ են բացահայտվել՝ այդ թվում այն, որ օրենքի սոցիալական ազդեցության գնահատում արված չէ. «Մենք չգիտենք՝ ինչ հետևանքներ կարող է սա առաջացնել։ Նախագծում առկա է բյուջեից չֆինանսավորվող անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման պահանջ, որը մեզ համար դեռևս անհասկանալի է։ Սա կարող է տանել ոչ ցանկալի արդյունքների, և մենք առաջին ընթերցման ժամանակ դեմ ենք քվեարկելու»։
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 118 պատգամավոր։
Խորհրդարանն ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 82, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 19 պատգամավոր։
Վարման կարգով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ «ԲՀԿ»-ն ձեռնպահ է քվեարկելու նախագծին։
Հարակից հրապարակումներ`
- Կադաստրի կոմիտեից տեղեկատվություն ստանալու համար կգործեն նոր սակագներ
- Առաջարկվում է, որ ՔԿ-ում պաշտոնի նշանակվեն նաև պարտադիր զինծառայությունից ազատված անձինք
- Հայտարարագիր կներկայացնեն նաև ավագանու անդամները
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի