ԲՀԿ-ում առողջ մթնոլորտ է, վերադասավորումներ չեն սպասվում. Աբովյան
«Քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն։ Երբ քաղաքական օպոնենտը չունի փաստացի ոչ մի կոնտր արգումենտ՝ հնչեցրած քննադատություններին, ապա գործընթացն անցնում է կա՛մ անձնական դաշտ, կա՛մ վիրավորանքների դաշտ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իշխանությունները փաստացի չունեն ոչ մի առարկայական հակադարձում բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է, իր բնորոշմամբ, ոչ առարկայական, կիսաանձնական դաշտում բանավիճելուն, ապա դա ցույց է տալիս իշխանության քաղաքական մակարդակը։
Դիտարկմանը, որ ավելի հաճախ բանավեճեր են ծավալվում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումների և հայտարարությունների շուրջ, արդյո՞ք խմբակցությունն այդ առումով նրա հետ չի բանակցում, Արման Աբովյանն արձագանքեց՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր տեսլականը։
«Ինչ-որ մեկն ավելի մեղմ է դա անում, մեկն էլ՝ ավելի սուր։ Այստեղ խնդիրն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք ծագում են, հաճախ ուռճացվում են։ Այսօր Գևորգ Պետրոսյանը հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է։ Այստեղ խնդիրն այն է, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող երևույթները պետք է լինեն քաղաքական, և ավելորդ սրացումներ պետք չեն։ Եվ ես համոզված եմ, որ ոչ ոք հետաքրքրված չէ ավելորդ սրացումներով։ Ես իզուր չէ, որ կրկնում եմ՝ գոյություն ունի քաղաքական դիսկուրսի մշակույթ։ Քննադատության դեպքում մենք սպասում ենք ադեկվատ հակադարձում, կամ քննարկում։ Երբ դա չկա, կա՛մ չկա քաղաքական մշակույթ, կա՛մ՝ հակադարձելու բան։ Ստացվում է, որ տարբեր արտահայտություններով իշխանությունները վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի բոլոր քննադատական թեզերը»,- շեշտեց նա։
Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ իրենք պատրաստվում են օրենքի նախագիծ բերել, որը թույլ կտա վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների հոգեկան վիճակը.
«Հարցը միշտ եղել է արդիական, և այնպես է ստացվել, որ մենք հիմա որոշեցինք այդ նախագիծը ներկայացնել»։
Հարցը, թե կարո՞ղ են արդյոք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում վերադասավորումներ լինել, Արմա Աբովյանին զարմացրեց։
Նա նշեց, որ իրենց մոտ նման խոսակցություններ չկան, ամեն ինչ շատ հանգիստ է, աշխատանքային մթնոլորտն առողջ է։
«Մեզ մոտ ոչ մի վերադասավորում չի լինի»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ իշխանությունները «դուխ» կունենան և անվանական ինչ-որ բան կասեն, կստանան համարժեք պատասխան. Տոնոյան
- Պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ. Սիմոնյան