Քաղաքական մեծամասնության արագ արձագանքման խնդիր է. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց արդեն 18-րդ օրը կառավարության և Աժ-ի դիմաց բողոք իրականացնող հագուստ և կոշիկ ներկրողների հարցը:
Պատգամավորը հայտնեց, որ այդ հարցով դիմել է ՊԵԿ ղեկավարին և պնդեց հարցին միջանկյալ լուծում տալու կարևորությունը:
Նկատելով, որ առևտրականների եկամուտները քչացել են և նրանց աջակցություն է պետք՝ Մելքումյանը շեշտեց, որ օրենքի խախտում չի լինի, եթե անցնեն պարտադիր մաքսային արժեքի որոշման մի ձևից մեկ այլ ձևի:
«Այստեղ որևէ իրավական պարտադրանք չկա: Պետք է այդ փուլը հանգիստ անցնել և մաքսային արժեքի ձևավորան համար արձակուրդ ձևակերպել»,- առաջարկեց Մելքումյանը և կարևորեց, որ պետությունը նաև հանրային համաձայնություն ձեռք բերի, որպեսզի նույն այդ ցուցարարները 6 ամիս հետո չգան ասեն՝ հիմա էլի չենք ուզում:
Ըստ պատգամավորի, պետք չէ, որ այդ ալիքը ձնագնդու նման շարժվի և մեծանա միևնույնն է պետք հաշվի նստել դրա հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ, խնդիրը միայն պրոֆիլային, վարչական չէ, այլ քաղաքական մեծամասնության արագ արձագանքման խնդիր է, բայց եթե քաղաքական մեծամասնությունը համաձայն է, որ այդ ալիքը մեծանա՝ գնան կառավարություն, գան ԱԺ և ինչ որ մի տեղ կանգնեն, ապա դա իր գործն է:
Ըստ Մելքումյանի, պարզ հաշվարկ է՝ շահույթ չկա, եթե թանկացնում են ապրանքը, ապա մարդիկ չեն գնի, իսկ եթե թողնել նույն ձևով, աշխույժություն մտնի, ապա հարկերով կկոմպենսացվեն մուտքերը:
Հիշեցնենք, որ հագուստ և կոշիկ ներկրողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել և 6 անգամ ավելի թանկ վաճառել, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։