Ոռոգման ջրի դիմաց գանձումների դեֆիցիտը 9 մլրդ դրամ է եղել. Կարեն Սարգսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանից ցանկացավ պարզել, թե ինչու է կառավարությունը առաջարկում դրենաժների մաքրման համար ամեն տարի նախատեսվող 290 մլն դրամը տնտեսվարողների վճարումների հաշվին հասցնել 480 մլն դրամի:
Կարեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի դրենաժային համակարգի երկարությունը 1670 կմ է, որով հոսում է 36.6 լ/վ ջուր և օրենքով նախատեսվում է երեք տարին մեկ մաքրել դրանք: Նրա խոսքով, այսօր պետությունը կարողանում է մաքրել մոտ 190 կմ դրենաժ, մինչդեռ պետք է մաքրվի մոտ 300 կմ:
Ըստ Սարգսյանի, Արարատյան դաշտում տնտեսվարողների թվի ավելացման հետևանքով մեծացել է վերջիններիս կողմից դրենաժային համակարգ բաց թողնվող ջրերը, ինչը ավելացնում է դրանց աղտոտվածության աստիճանը:
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Ջրային օրենսգրքի մեջ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե Արարատյան դաշտի տնտեսվարողները ցանկանում են դրենաժի այդ հատվածում ջրերի հեռացում իրականացնել, ապա պետք է վճարեն, որպեսզի պետությունը կարողանա այն մաքրի:
Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրեց, որ տնտեսվարողից գանձելու են միայն մաքրման աշխատանքների գումարները և շահույթ չեն հետապնդելու, իսկ պետական բյուջեի միջոցներով էլ կմաքրվի հանրապետության մյուս մարզերի դրենաժային համակարգերը:
Միքայել Մելքումյանը հարցրեց, թե արդյոք տնտեսվարողներն անօրինական են օգտվում դրենաժներից: Կարեն Սարգսյանն ասաց, որ վերջիններս ունեն ջրի հեռացման թույլտվություն և բացթողնման կետ, որը Արաքս գետն է, բայց այդ ջրերը բաց են թողնում մոտակա դրենաժ:
Պատասխանելով պատգամավորի մյուս հարցին՝ Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ ոռոգման ջրի դիմաց նախորդ տարի գանձվել է 4 մլրդ 47 մլն դրամ և դեֆիցիտը կազմել է 9 մլրդ դրամի, իսկ այս տարի հավաքագրումներն ավելի շատ են լինելու: