Անթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային տարրերը. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքում գրառում է արել կուսակցության երեկվա բողոքի ակցիայի վերաբերյալ
«Երեկ առավոտյան մեր կուսակցության մի խումբ անդամներ բողոքի ակցիա անցկացրեցին ընդդեմ կառավարության կողմից տարվող կրթա-մշակութային քաղաքականության։
Թեև վարչապետը և ԿԳՄՍ նախարարը վերջին օրերին փորձում են ներկայացնել, որ իրենք իրականացնում են բարեփոխումների քաղաքականություն, որը բախվում է «հետադիմական ռեակցիայի», իրականությունը այն է, որ ոլորտում որևէ շոշափելի բարեփոխումներ վերջին երկու տարիների ընթացքում չկան։ Փոխարենը անթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային և արժեքային տարրերը, կոշտ քաղաքական վերահսկողություն հաստատել հանրային կրթական հաստատությունների նկատմամբ, նրանցից դուրս մղել անհամաձայն մտավորականներին և մասնագետներին։
Այս իշխանությունը, որն իր նախորդներին անընդհատ մեղադրում է հակաժողովրդական քաղաքականության մեջ, կրթա-մշակութային ոլորտում ամենաիսկական հակաժողովրդական քաղաքականություն է իրականացնում, և պատահական չի, որ դրա դեմ այդպիսի լայնընդգրկուն բողոքի ալիք է բարձրացել, առաջին հերթին հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Մենք ոչ միայն անմասն չենք այդ բողոքից, այլև հետևողական պայքարելու ենք՝ իրական կրթական բարեփոխումների համար, ազգային հենքով և առաջադիմական, մրցունակ կրթական համակարգ ձևավորելու նպատակով։ Մենք արդեն մեր մասնավոր հիմնադրամների միջոցով այդ փորձն ունենք, մեր անդամների և աջակիցների կողմից նախաձեռնված կրթական ծրագրերը լավագույններից են երկրում, և ի տարբերություն գործող իշխանության, որի համար կրթական ոլորտը «որբի գլուխ է»․ մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը, ինչպես է պետք համատեղել ազգայինը համամարդկայինի և առաջադիմականի հետ, ինչպես է պետք դաստիարակել ժամանակակից հայ անհատ, որի արմատները կլինեն հարազատ հողում, իսկ սաղարթը կտարածվի դեպի ողջ աշխարհը։
Մենք մրցունակ ազգային կրթության համար այս պայքարը սկսել ենք դեռ առնվազն մեկ տասնամյակ առաջ, և շարունակելու ենք ևս տասնամյակներ, այդ ճանապարհին կլինեն բազմաթիվ գործողություններ՝ կոնֆերանսներ, բողոքի ակցիաներ, հացազրույցներ, բայց և նոր կրթօջախների հիմնադրումներ, նոր կրթական ծրագրերի մշակումներ, տարբեր նորարարական փորձարկումներ՝ անընդհատ արդիականացնելու մեր կրթությունը»։