
Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Այս մասին նա Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է երկակի ստանդարտներ կիրառի։
«Քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ երկրների դեմ անօրինական գործողություններ է իրականացնում, ԵՄ-ի արձագանքը պետք է հրատապ լինի։ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պետք է այնպիսի օրենք լինի, որ ոչ ոք չկարողանա անտեսել կամ աչքաթող անել»,-ասել է նա։
Կիպրոսի ղեկավարը նաև հայտնել է, որ Անկարայի հետ պատրաստ են երկխոսության։
Ավելի վաղ Անաստասիադիսը մտահոգություն էր հայտնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի որդեգրած ագրեսիվ դիրքորոշման պատճառով։