22 մլն 128 հազար եվրո կհատկացվի Մեղրիի անցակետի արդիականացմանը
«Նպատակ ունենք Մեղրիի անցակետը արդիականացնելու»,- խորհրդարանում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՎԶԵԲ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, արդիականացման դեպքում տնտեսական դրական ազդեցություն և արդյունք կլինի, իսկ լոգիստիկ առումով ՀՀ-ն կարող է դառնալ ավելի գրավիչ միջանցք Իրանի համար՝ դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու և այնտեղից ապրանք ներկրելու համար։
«Ես հյուրընկալել եմ ԻԻՀ դեսպանին, և առաջարկել եմ վերանայել հակառակ ուղղությամբ՝ Իրանի անցակետի թողունակության հարցը ևս։ Իմ գործընկերը հայտնել է հարցը քննարկելու պատրաստակամություն։ Այսինքն՝ երկու անցակետերում համահունչ աշխատանքներ կիրականացվեն»,- նշեց ՊԵԿ ղեկավարը։
Վարկային համաձայնագրով Հայաստանին է տրամադրվելու 21,146 հազար 263 եվրո գումար։
«Մեղրիի անցակետի արդիականացումը կնպաստի նաև Հյուսիս-Հարավի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին։ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար նախատեսվում է ներգրավվել ՎԶԵԲ-ից ստացված 10 մլն 626 հազար 262 եվրո գումար, իսկ «Մեղրիի անցակետ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո, ապա հավելյալ ևս 720 հազար եվրո գումար։ Այս գումարը ՀՀ-ին կտրամադրի ԵՄ-ը»,- նշեց նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, անդրադառնալով նախագծին, ասաց, պետք է կողմնորոշվել՝ ազատ գոտին մեզ պե՞տք է, թե՞՝ չէ․ չի կարելի մի տարի մտածել ու հաշվարկը չունենալ։
«Ազատ տնտեսական գոտու սահմանը ընդլայնելու համար մեզ 469 մլն դրամ է անհրաժեշտ։ Ես նախանձախնդիր եմ լինելու, որ հասկանանք՝ ի՞նչ ենք շահում ազատ գոտին ունենալով։ Այո, պետք է հասկանանք, որ դա մեզ անհրաժեշտ է, քանի որ ԵԱՏՄ-ն ամեն երկրի քվոտա է տալիս։ Չի կարելի այդ հարցի շուրջ մեկ տարի մտածել ու այդ պատասխանը չունենալ՝ մեզ պե՞տք է ազատ տնտեսական գոտի, թե՞՝ ոչ»,- նշեց նա։