Ալկոհոլ ներմուծող ընկերություններն առանց տուգանվելու կվաճառեն իրենց ապրանքը. փոխնախարար
«Առաջարկում ենք ենթաակցիզային ապրանքների վրա եղած սահմանափակումը հանել»,- խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, ներկայում գործող կարգով, եթե մասնագիտացված խանութում ենթաակցիզային ալկոհոլային խմիչքների ամսական վաճառքը գերազանցում է ընդհանուր վաճառքի 10%-ը, ապա տնտեսվարողը ենթակա է տույժի։
«Այս կարգավորումը մտցվել էր այն պատճառով, որ առկա էին չարաշահումներ, և տեխնոլոգիաները հնարավորություն չէին տալիս պետությանը՝ բացահայտելու այդ չարաշահումները։ Սակայն, ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը, այնպես էլ հարկային շատ բարձր կարգապահությունը հնարավորություն են տալիս այս կարգավորումը վերացնելու։ Ուստի, այս գործիքակազմն այլևս արդարացված չէ։ Եվ կազմակերպությունները, որոնք զբաղվում են ալկոհոլային խմիչքի ներմուծմամբ, հնարավորություն կունենան իրենց մասնագիտացված խանութում իրականացնել համապատասխան վաճառքներ՝ առանց տուգանվելու։ Մեր կարծիքով, սա կբերի արտադրողների շահերի առավել բարձր պաշտպանության»,- ներկայացրեց Ավագ Ավանեսյանը։
Նախագծի հարակից զեկուցող Հայկ Գևորգյանը նշեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն ընդունվել է բոլորի կողմից։