Հայաստանում արտադրական դժբախտ պատահարների 66%-ը եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2019թ. արձանագրվել է 27 արտադրական դժբախտ պատահար:
1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
Վիճակագրական կոմիտեի հրապարկած տվյալների համաձայն, դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 17-ը գրանցվել է Սյունիքի մարզում, որից տուժել է 17 մարդ, 2-ը՝ կին: Դեպքերից 4-ը գրանցվել է Երևանում, 2-ը՝ Արմավիրում, մեկական դեպք էլ՝ Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում։
Ըստ վիճակագրության, նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 3 մարդ, մեկը՝ Երևանում, 1-ը՝ Արագածոտնում, 1-ն էլ՝ Լոռիում։
Արտադրական դժբախտ պատահարների մեծ մասը՝ 66%-ը (18 հատ) գրանցվել է հանքագործական արդյունաբերություններում և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման հետևանքով: Մշակող արդյունաբերությունում գրանցվել է 5 դեպք, իսկ էլեկտրականության, գազի, գոլորշու հետևանքով գրանցվել է 4 դժբախտ պատահար։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2019թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 1 851:
2019թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 70.8 մլն. դրամ: Աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ծախսված գումարը կազմել է 1 507.1 մլն. դրամ: