Ռուսական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ: Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից։
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասում է, որ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար:
«Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասում է Մ. Մխիթարյանը:
Մ. Մխիթարյանը նշում է, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ:
Նրա խոսքով, ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա