Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հիմա երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, հայտնում է «Independent»-ը։
Նա նշել է, որ թեև ինքը չի ցանկանում մտցնել երկրորդ պետական կարանտին, այնուամենայնիվ նախարարները քննարկում են նաև այդ տարբերակը։
«Մենք անչափ ուշադիր հետևում ենք համավարակի տարածմանը՝ վերջին մի քանի օրերին դրա զարգացմանը զուգահեռ, և ոչ մի կասկած չկա երկրորդ ալիքի բռնկման հարցում»,- ասել է երկրի վարչապետը։
Ջոնսոնի խոսքով, կորոնավիրուսի երկրորդ ալիք է դիտվում նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում, ուստիև այն անխուսափելի է նաև Մեծ Բրիտանիայի համար։
Ըստ Բրիտանիայի վարչապետի, երկրորդ կարանտինը ամենավերջին տարբերակն է, որ պետությունը կկիրառի վիրուսի դեմ պայքարում։ Ընդ որում, նա հրաժարվել է լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ սահմանելուց։ Այժմ որպես սահմանափակում երկրում գործում են սոցիալական հեռավորության պահպանումը և «վեցի կանոնը», որը նախատեսում է հավաքներին և միջոցառումներին մինչև 6 մարդու մասնակցություն։
«Ես ամենևին չեմ ցանկանում սահմանել ավելի խոշոր կարանտինային միջոցառումներ։ Մենք ուզում ենք դպրոցները բացված թողնել, հրաշալի է, որ դպրոցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին»,- նշել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է` իշխանությունները ցանկանում են նաև, որ տնտեսությունը շարունակի գործել՝ միաժամանակ նշելով, որ դա հնարավոր է բնակիչների կողմից համապատասխան հրահանգներին հետևելու դեպքում։