Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է: Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, 18.09.2020թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին