Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքար մղող, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է ավելի վաղ արած նրա հայտարարությունն ու մի շարք հարցեր հնչեցնում։
«Պարոն Նիկոլ Փաշինյան , Ջերմուկ համայնքի բնակիչները սպասում են Ձեզ։
Պետք չի անտեսել մարդկանց, ովքեր երկուսուկես տարի դրսում են։
Պետք չի անտեսել մարդկանց, ովքեր միջպետական ճանապարհ փակելու և հարցին արագ լուծում տալու փոխարեն, փակել են ԱՄՈՒԼՍԱՐ տանող հողային ճանապարհները , հետհեղափոխական Հայաստանում բնականոն կյանքը չխաթարելու համար։
Մարդիկ իրենց կյանքի ու առողջության գնով, իրենց ընտանիքներով կանգնել ու կանգնելու են դրսում, քանի դեռ չի լուծվել ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդիրը։
Բա ասում էիք, որ Ձեր կյանքի գնով մեր կյանքերը կպահեք։
Իսկ չեք կարծում, որ իսկը ժամանակն է որպեսզի այցելեք մեր համայնք, որը մինչև ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդիրը հաստատ Հայաստանի ամենահանգիստ վայրն էր, սակայն վերջին շրջանում դարձել է թեժ կետ։
Այստեղ ոստիկանական զորքեր ուղարկելու փոխարեն Դուք այցելեք և խոսեք Ձեր հայրենակիցների հետ, խոսեք բոլորի հետ, անկախ նրանց դիրքորոշումից։
Օգտագործեք Ձեր հանդեպ նրանց հարգանքն ու սերը և հաշտություն բերեք ԱՄՈՒԼՍԱՐԻ հարակից բնակավայրեր։
Զսպեք սադրանքներ հրահրող և հանրությանը բևեռացնողներին։
Ականջալուր եղեք Ձեր ժողովրդին, այլապես հետո Ձեր կողքին ժողովուրդ չեք ունենա։ Մի կոտրեք մարդկանց մեջ հեղափոխության ոգևորությունը»։