Անկախության տոնի առթիվ Հայաստանը շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից (թարմացվում է)
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։
Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին, Հայաստանի Հանրապետությանը՝ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»։
Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:
Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։
Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից էլ հայտնում են, որ ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները` ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան