ԱԱԾ-ում կան անձիք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը. Արգիշտի Քյարամյան
«Այդ հոդվածն ինքնին իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխաելով հարցին, թե նախօրեին հրապարակվել է ռուսական «Դոսյե» կենտրոնի հետազոտական զեկույցը, նշվում է, որ Կրեմլը հայաստանյան գրեթե բոլոր պետական բարձր կառույցներում ունեցել է գործակալներ։
Նա նշեց, որ ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական տալու է այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստին։ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չի կարող։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նախաքննություն, որևէ հետազոտություն չի սկսվելու, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ասելիքս հենց դա է, որ, իհարկե, արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող ասել»։
Ա.Քյարամյանը նշեց, որ ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստանի։
«Բնականաբար, ինչպես մնացած կառույցներում, ԱԱԾ-ում կան անձիք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը։ Այդ պրոցեսը սկսվել է։ Կուզենայի ճիշտ ընկալվի իմ ասածը։ Բնականոն գործընթաց է, մարդիկ գալիս են, գնում են, այստեղ որևէ արտառոց այլ միտք փնտրել, կարծում եմ, տեղին չէ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Հարցին՝ մշտապես ասվում է որ ՀՀ ԱԱԾ-ն ավելի շատ սպասարկում է ռուսական անվտանգության ծառայության շահերը, քան՝ ՀՀ-ինը, Ա. Քյարամյանը պատասխանեց. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն, Հայաստանի ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու Հայաստանի ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության շահը»։
Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ ձեզ ԱԱԾ տնօրեն նշանակելն արդեն իսկ ազգային անվտանգության իրական սպառնալիք է, Ա. Քյարամյանը ասաց. «Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում։ Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռասազրույցները գաղտնալսել են»։
Նա նշեց, որ այս գաղտնալսման գործով Քննչական կոմիտեի համապատասախան ստորաբաժանումում քննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան։
ԱԱԾ տնօրենը միաժամանակ ասաց՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ կարող են իրենց գաղտնալսել, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են, կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունենք ֆինանսական հնարավորությունները։
«Որևէ հարցում այս պահին երաշխավորված լինելը իրատեսական չէ»,- ասաց Ա.Քյարամյանը։