ԶՈւ ԳՇ պետ. Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները
«Մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը»,-Անկախության տոնի առիթվ իր շնորհավորական խոսքում նշել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։
ՊՆ հասարակայնության ու տեղեկատվության վարչությունը տարածել է ԶՈՒ ԳՇ պետի խոսքը, որում ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ, զինվորական գործին նվիրյալ ընկերներ, զինծառայողներ, այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության օրը։
Անկախությունը դարեր շարունակ երանելի փափագ է եղել մեր նախնիների, մեր պապերի, մեր ծնողների համար, և, ցավոք, այն մեզ չի ժառանգվել սերնդեսերունդ, դրա համար ամեն սերունդ իր պայքարն է մղել, իր լուման է ներդրել՝ երբեմն աներևակայելի հաղթանակներ տանելով, երբեմն էլ կորուստներ կրելով և զրկվելով հայրենի հողի զգալի մասից։ 90-ականներին, երբ կենաց-մահու պայքար էր գնում ծովից ծով Հայաստանից մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը պահելու համար, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք ու պետք է ունենանք մեր անկախ պետությունը, համայն աշխարհասփյուռ հայերի Մայր Հայրենիքը։
Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները, մենք ենք դարերի մեր համահավաք ձեռքբերման պահնորդները, և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը։ Եվ սա բեռ չէ, ծանրություն չէ, սա մեր կամքն ավելի աննկուն դարձնող ուժ է, հպարտություն, որի համար ոչինչ չենք խնայի։
Աներկբայելի է՝ մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։
Շնորհավո՜ր մեր Անկախության տոնը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան