Թե ինչի՞ց են թունավորվել բժիշկները, պարզ կլինի 2-3 օրից
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժանձնակազմի ու հիվանդների սննադային թունավորումից հետո ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են կենտրոն։
Panorama.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի պատասխանտու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց՝ ուտելիքից նմուշներ են վերցվել, ուղարկվել են ՀՎԿԱԿ-ի լաբորատորիա։
«Արդյունքները կլինեն 2-3 օրից, որի հիման վրա վերահսկողական գործողություններ կարվեն»,- ասաց Ա. Հարությունյանը։
ԲԿ-ին սնունդ մատակարարում է «Արտ Լանչ» ընկերությունը, որը սնունդ է պատրաստում նաև մի քանի տասնյակ զորամասերի համար։ ԲԿ-ում այդ օրը կերել են հավի մսով ձողեր, բազուկով աղցան, լոբով ճաշ, աղցան թաբուլե, խաշած միս, կտրտած կանաչի, մակարոնով փլավ։
Հիշեցնենք, որ աշխատակիցների ու հիվանդների շրջանում սննդային թունավորման մասին տեղեկատվությունը հրապարակել է նաև ԲԿ ֆեյսբուքյան էջը։
«Սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ»,-հայտնել էին ԲԿ-ից՝ ավելացնելով, որ սննդային թունավորման նշաններ նրանց մոտ ի հայտ են եկել սեպտեմբերի 19-ի երեկոյան։
Ի պատասխան «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը հայտարարել էր.
«Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:
Ամբողջությամբ նույն սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են 500֊ից ավել մարդ և միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն»։