Կռվի բովում դու չես մտածում, որ սխալ ես վարվում. Աստվածատուր Պետրոսյան
«Մենք միայն զենքով ձեռք բերեցինք անկախություն, իսկ զենքը ճիշտ օգտագործելու համար պետք էր ոչ թե ունենալ Սովետական բանակի կազմում գործող հայկական ստորաբաժանումներ, այլ պետք էր ունենալ բանակ՝ համաժողովրդական, համազգային շարժման հենքի վրա ստեղծված մի կառույց, որտեղ յուրաքանչյուրն ինքնաճանաչում էր իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 29 ամյակին։
Նրա խոսքով, անկախությունը դարձավ բացարձակ արժեք յուրաքանչյուր անձի համար, երբ պայթեց օդում՝ բոլոր վտանգներն անտեսելով։ Գեներալ-մայորը նշեց՝ պետք է ստեղծվեր մի արժեհամակարգ, որը նման չէր լինի այլ պետությունների արժեհամակարգերին։
«Անկախությունը եղավ համաժողովրդական շարժման հիմքի վրա, այն փայլուն և յուրատեսակ խնդիր էր, որը ոգին, կյանքը բերեց և ժողովրդավարական համակարգի հենքի վրա կանգնեցրեց։ Դրա համար «Հռչակագրում» ամրագրվեցին այն խնդիրները, որոնք պետք է անկախությունը կարողանար լուծել։ Եվ այդ պայմաններում մեզ համար կարևոր էր, որ հայկական սփյուռքն էլ իր գալիքը տեսնում էր հայրենիքում։ Սա անկախության դպրոց էր, որտեղ սովորելու եկանք բոլորս»,- նշեց նա։
Գնդապետ Աիդա Սերոբյան էլ ասաց, որ իր համար անկախությունը սկսվել է հենց այն պահին, երբ հայ ժողովուրդն «Այո» է ասել անկախությանը։ Նրա խոսքով, ինքն ու իր շրջապատի շատ կանայք գնացել են այդ անկախության հետքերով՝ հասկանալով, որ անկախ պետություն ունենալու համար հայ ազգին պետք է հզոր բանակ։
«Առանց հզոր բանակի մենք չենք կարող մեր անկախությունը պահել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք՝ ազատամարտիկներս, մեր դերն ունեցանք անկախության կերտման գործում, մեր բանակի հիմքում մի փոքր քար դրեցինք մեր կողմից։ Այսօր մենք անկախ ենք, ճիշտ է, որոշ դժվարություններ կան, բայց դրանք ժամանակի ընթացքում կհարթվեն։ Մենք այսօր էլ պետք է մեր լուման ներդնենք, որ մեր երկիը բարգավաճի, մարդիկ էլ՝ ապահովված ապրեն։ Կարծում եմ, դա նույնպես կլինի. եթե մենք հասանք հաղթանակի և անկախության, կարծում եմ դա էլ տեղի կունենա»,- շեշտեց նա։
Ըստ ազատամարտիկի, թեև թշնամի երկրի ղեկավարը՝ Իլհամ Ալիևը միշտ պատերազմի սպառնալիքով է հանդես գալիս, պետք է ընդունել, որ նա սխալվում է. «Ես այն կարծիքին եմ, որ մեր խաղաղությունը կհարատևի»։
Աիդա Սերոբյանը նշեց, որ 1988-ի դաժան երկրաշարժից հետո Ադրբեջանը օգտվեց առիթից և հարձակվեց Արցախի վրա։ Եվ այն պարագայում, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը բանակ չունեին, ազատամարտիկների ջանքերով հնարավոր եղավ առաջ գնալ և ազատագրել մեր տարածքները. դա հենց մեր անկախության հիմքն էր։
Թե ինչ սխալներ ու բացթողումներ են եղել անկախության հասնելու ճանապարհին, Աստվածատուր Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, քանի որ, նրա խոսքով, ժամանակի հեռվից նայելով են երբեմն արված քայլերը սխալ թվում, իսկ կռվի բովում որևէ դեպքում դու չես մտածում, որ սխալ ես վարվում։
«Բանակաշինության մեջ եղած թերություններն ու բացթողումները շտկելու համար չի կարելի ասել, որ դու սխալվել ես։ Եթե մենք այդպես դատենք, այսօր մարդիկ էլ կան, որ կասեն՝ Տիգրան Մեծը սխալվել է..., Վազգեն Սարգսյանը սխալվել է։ Մեզ առաջ քննադատում էին, որ Ադրբեջանի օրինակով չգնացինք և միանգամից տարբեր զինատեսակներ չվերցրինք։ Բայց հետո պարզ դարձավ, որ առանց զորավարժանքների, հնարավոր չէր բանակ ստեղծել..., մենք տասնյակ անգամներով պակաս սպառազինություն ունեինք, բայց կարողացանք մեկ առ մեկ ստեղծել ստորաբաժանումներ, որոնք ունակ էին ավելի քիչ ռեսուրսներով առավել մեծ հնարավորություններ ունենալ»,- նշեց նա։
Ըստ նրա, համազգային բանակ ստեղծելու համար անհրաժեշտ էր յուրաքանչյուր կետը հաշվարկել՝ հատ առ հատ հաշվի առնելով ունեցած ստորաբաժանումները, հնարավորությունները, ռեսուրսներն ու գիտելիքը.
«Մեզնից շատերը՝ բանաստեղծից մինչև ռազմագետ, այդ հնոցում թրծվեցին մեկ նպատակով՝ ստեղծել հզոր բանակ»։
Հարցին՝ արյդո՞ք այսօր մենք կարողանում ենք պահել արյան գնով ձեռք բերված անկախությունը, Աիդա Սերոբյանը պատասխանեց՝ դրա համար նախ պետք է շատ հայրենասեր երեխաներ դաստիարակել, իսկ դա սկսվում է օրորոցից։
«Պիտի վերանայվեն մեր երեխաների դասագրքերը, որտեղ քիչ են հայրենասիրությանը նվիրված դասերը։ Պետք է Արցախյան պատերազմը մտնի ռազմագիտության դասագրքերի մեջ։ Այսօրվա սերունդը պետք է Արցախյան պատերազմի հերոսների սխրանքները կարդալով, տեսնելով դառնա հայրենասեր և շարունակի մեր գործը։ Այսօր մեր սերունդը պետք է ծաղկեցնի այն հողը, որը 7000 զոհերի արյան գնով է ազատագրվել»,- շեշտեց գնդապետը։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին
- Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ
- ԶՈւ ԳՇ պետ. Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները
- Անկախության տոնի առթիվ Հայաստանը շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից (թարմացվում է)
- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
- Մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է. Ռոբերտ Քոչարյան
- Նոր մարտահարվերներին մեր պետությունը կարող է դիմագրավել ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով. Սերժ Սարգսյան
- Անկախության օրվա առթիվ Google-ն այսօր եռագույն է
- «Ժառանգություն». Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի