Գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության հետ. Բաբայանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների մասին
«Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել, թե արդյոք որևէ տեղեկություն կապ ունի իրականության հետ, թեկուզ աննշան, թե ոչ, էլ չասեմ՝ վերլուծել այն»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր Եռաբլուրում Ազգային անվտանգության տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին։
Ա. Բաբայանը նշել է. «Ռուսաստանցի հակաիշխանական օլիգարխ Խոդորկովսկիին պատկանող «Դոսյեի» հրապարակումը ինքնին հանցագործության մասին հաղորդում համարելը ևս մեկ ցուցիչ է, որ գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հետ, քանի որ նույնիսկ «Դոսյեի» կայքը նշում է, որ պատասխանատվություն չի կրում հրապարակված տեղեկատվության բովանդակության համար:
Ինչ վերաբերվում է հայտնի գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններին, ապա կրկին հայտնում եմ, որ ՔԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գաղտնալսման դեպքն ամբողջությամբ բացահայտված է:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»:
Հիշեցնենք, որ «Դոսյեի» հրապարակման հետ կապված Ա. Քյարամյանն ասել էր. «Այդ հոդվածն ինքնին իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում։ ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական տալու է այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստին»։
Իսկ գաղտնալսման հետ կապված ԱԱԾ տնօրենը նշել էր, որ այդ գործով Քննչական կոմիտեի համապատասախան ստորաբաժանումում քննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան։