Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձն է
Հայաստանի Հանրապետության 29 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացվել է հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:
ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» է ասել անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ պետություն։
Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:
Ավելի վաղ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ Առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ: Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար:
Նախատեսված է նաև «Մեր հայերը» խորագրով գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում։ ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները հնարավոր կլինի դիտել ժամը 11:00-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան