ՄԱԿ-ը նշում է ստեղծման 75 տարին՝ վիրտուալ հանդիպումներով
75 տարի առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող տերությունները` ԽՍՀՄ, ԱՄՆ, Բրիտանիան և Ֆրանսիան, դարձան միջազգային կազմակերպության ստեղծման լոկոմոտիվ, որը, ըստ հիմնադիրների ծրագրի, ի վիճակի կլիներ կանխել մոլորակի վրա առկա բախումները, գրում է Euronews-ը։
ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետը խաղաղության և անվտանգության պահպանումն է, ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը` հիմնված հավասարության սկզբունքի պահպանման վրա:
Կազմակերպությունը հիմնադրվել է երկբևեռ աշխարհի գոյության պահին, երբ աշխարհաքաղաքականությունը ենթակա էր երկու գերտերությունների՝ ԽՍՀՄ և ԱՄՆ մրցակցությանը, ապա Խորհրդային Միության փլուզումով և Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպության հետ աշխարհը դարձավ միաբևեռ, այժմ իրավիճակը կրկին փոխվել է՝ տարբեր ուժային կենտրոնների ի հայտ գալով, այդ թվում՝ Մոսկվայում և Պեկինում, ինչի մասին, մասնավորապես, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ահա, ՄԱԿ-ի 75-ամյակն այսօր կնշվի վիրտուալ հանդիպումներով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Համաշխարհային առաջնորդներն իրենց նախօրոք ուղարկված ելույթներով հանդես կգան ՄԱԿ-ի առաջին, համարյա ամբողջությամբ վիրտուալ Գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ՄԱԿ-ին ուղղել է իր ձայնագրված ուղերձը և անձամբ չի ներկայանա Նյու Յորք։ Սպասվում է, որ Թրամփը ելույթը կոշտ կլինի, գրում է France 24-ը։
Երբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեային ընդառաջ մամուլի ասուլիսով դիմեց լրագրողներին, նա ասաց, որ «75-ամյակի այս տարում մենք կանգնած ենք1945թ․-ի պահի առջև»: Նա շեշտեց համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ներկայիս ճգնաժամից «ավելի լավ վերականգնելու» համար:
Այս տարվա Գլխավոր ասամբլեայի թեման է «COVID-19-ին դիմակայելը՝ արդյունավետ բազմակողմանիության միջոցով»:
Նախագահների և վարչապետերի բացակայության դեպքում, երկրները, մեծ մասամբ, կներկայացվեն իրենց դեսպաններով: Յուրաքանչյուր երկրի համար ԳԱ դահլիճում տեղադրվել է մեկ աթոռ:
Եթե չլիներ Covid-19 համաճարակը, այս տարին կարող էր լինել երբևէ ամենաշատ հյուրընկալված Գլխավոր ասամբլեան. աշխարհի գերտերությունների ղեկավարները, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, նախատեսվում էր, որ անձամբ կմասնակցեին ՄԱԿ-ի 75-ամյակին: