Սուրենյանց. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ վերսկսում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Խոսքն, ինչպես նկատեցիք, ԵՏՄ անդամ երկրների մասին է, որոնց հետ Մոսկվան, ըստ էության, վերականգնում է ավիահաղորդակցությունը։
Այդ ցանկում նկատելիորեն բացակայում է Հայաստանը՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերը շեշտակի նվազել են, այլ խոսքով՝ այսօրվա կոնյուկտուրան շատ ավելի բարենպաստ է։
Եթե այս պարագայում նույնիսկ Մոսկվան չի շտապում վերականգնել Երևանի հետ օդային հաղորդակցությունն՝ իմանալով հանդերձ, որ մի Հայաստանում առնվազն մի քանի հարյուր քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպում՝ Ռուսաստան մեկնելու պահանջով, ապա խնդիրը քաղաքական հարթության վրա է, այլ խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Ավիահաղորդակցության չվերականգնումը դրա դրսևորումներից ընդամենը մեկն է»։