Վիտալի Բալասանյան. Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին
Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ.։ Բալասանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ տոն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այն իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ ապրելու իր երազանքը, ու հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:
Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ:
Այսուհետ ևս մենք հաստատակամ և հետևողական քայլեր ենք իրականացնելու՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին, քանի որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը, ու մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք կերտել ժողովրդի լավագույն ապագան:
Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենանվեր գործերով շենացնելու մեր երկիրը, և այս տոնի պանծալի խորհրդով մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և անկոտրում կամք։
Աստված ապավեն Հայաստան աշխարհին:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան