Ապրիլյանի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 65 տարեկան։ Նա զոհվել է ապրիլի 8-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Սուրեն Ճարատանյանն արմատներով հաճընցի էր, «Հաճըն» հայրենակցական միության վարչության երկարամյա անդամ, քարտուղար
aravot.am-ում կարդում ենք, որ Սուրենը դեռ Արցախյան ազատամարտին էր մասնակցել՝ կռվելով «Արաբկիր» զորամիավորման կազմում: Ապրիլին էլ, երբ թշնամին կրկին ոտնձգություն իրականացրեց մեր հողերի նկատմամբ, 61-ամյա Սուրենը դարձյալ առաջին գծում էր:
«Հարցին, թե ինչու՞ ես գնում, հայրս պատասխանել էր, որ եթե չգնա, ինչպե՞ս կարող է հետագայում նայել իր ընկերների աչքերին, երբ նրանք վերադառնան պատերազմից: Ես պետք է նրանց կողքին լինեմ, բացի այդ՝ ես չեմ ուզում, որ իմ թոռները տեսնեն այն, ինչ մենք ենք տեսել: Հայրս գնաց՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգի, իր ընկերների ու թոռների»,- ասել է Սուրեն Ճարատանյանի դուստր Դիանան:
Սուրեն Ճարատանյանը պատերազմի դաշտում փրկել է մի երիտասարդ զինվորի կյանք և նույն պահին ընկաել թշնամու գնդակից: Նա իր արիության ու սխրանքների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների:
Սուրեն Ճարատանյանը ծնվել է 1955 թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բելառուսիայում: 1975 թ. ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: 1981 թ.-ից մինչ կյանքի վերջն աշխատել է Երևանի Մետրոպոլիտենում: 1988-ին զինվորագրվել է «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորմանը: 1990 թ. սեպտեմբերի 20-ից սկսել է ծառայությունը ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի 9-րդ վաշտում: 1992 թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 5-ը «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Նարիշտար գյուղի ազատագրման առաջադրանքներին, Վանք և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ապա՝ Հադրութի շրջանում Սարինշենի հատվածի մարտական գործողություններին: 1992 թ.-ի օգոստոսից ավագ լեյտենանտ Սուրեն Ճարատանյանը սկսել է պայմանագրային ծառայությունը 5-րդ բրիգադում և ավարտել այն որպես կապի դասակի հրամանատար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի օրը: 2016 թ. ապրիլին, լսելով սկսված պատերազմի մասին, մեկնել է Թալիշ, որտեղ էլ, փրկելով 18-ամյա զինվորի կյանքը, ծանր վիրավորվել է և ապրիլի 8-ին մահացել:
Թե ինչ հանգամանքներում է զոհվել Սուրեն Ճարատանյանը Թալիշում, հարազատներն այսպես էին պատմել. «Մարմնի վրա մի ամբողջ կրակահերթ է: Ասում են, որ նա ուզեցել է ջահել տղաներին՝ վիրավոր զինծառայողներին քաշել ու բերել խրամատ, որ օգնություն ցույց տան: Բայց չի կարողացել, իր վրա մի ամբողջ ավտոմատի կրակահերթ կա: Ուղղաթիռով բերել են Երեւան, դեռ ողջ է եղել: Ինչքան ուժեղ ոգի ունի, որ այդ հիվանդ սրտով դեռ այդքան դիմացել է»:
«Ինքը սրտի պրոբլեմ ուներ: Վերջին անգամ իր հետ խոսել եմ Ղարաբաղ գնալու ճանապարհին: Շա՜տ երջանիկ էր: Տեղյակ չենք եղել, որ գնալու է, ոչ մեկին ոչ մի բան չի ասել: Մամային է հրաժեշտ տվել հիվանդանոցում: Ես ինտերնետում նկար տեսա, որ գնում է Ղարաբաղ, զանգեցի, խոսեցինք: Ինքը միշտ երազել է հզոր Հայաստանի համար: Դրա համար երջանիկ էր, որ գնում է»,- aravot.аm-ի հետ զրույցում պատմել էր Սուրեն Ճարատանյանի աղջիկը՝ Աննան:
Հարազատները պատմել էին, որ Սուրեն Ճարատանյանի սիրտը 3 անգամ ստենտավորված է եղել. «Երիկամները վատ վիճակում էին, հազիվ քայլում էր ու էդ վիճակով գնաց: Ոչ մեկը չկարողացավ իրեն հետ պահել, կանգնեցնել: Իր կինը ծանր հիվանդ է, պառկած: Նույնիսկ դա նրան հետ չպահեց: Նա երդվյալ ազատամարտիկ էր: Կնոջ մոտ էր եկել՝ հիվանդանոց: Կինը խնդրել էր, որ համոզենք, չթողնենք մեկնի ճակատ: Մեզ չլսեց, խաբեց, ասաց՝ ուղղակի ցուցակագրվում եմ, չեմ գնա: Հետո լսեցինք, որ հաջորդ օրն արդեն այնտեղ էր: Իրեն առաջարկել էին, ասել էին՝ պետք չի բարձրանալ դիրքեր, այստեղ էլ օգտակար կարող ես լինել՝ նա էլի չէր լսել»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է
- Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց Ապրիլյանի բոլոր մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով
- Ապրիլյանի մասնակից Ավետիս Զարգարյանի բուժման մեջ ակնհայտ դրական դինամիկա կա
- Ապրիլյանի անմահ հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն
- Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել