Արմեն Աշոտյան. Իշխանությունը սկսել է ընդդիմություն բուծել
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարվա ամեն եղանակ ու ամիս է թեժ»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ արձագանքելով քաղաքական թեժ աշնան վերաբերյալ հարցին։
ՀՀԿ-ական գործչի խոսքով, քաղաքական կլիշեները չեն աշխատում այս պարագայում, քանի որ 2018-ի մայիսից սկսած տարբեր պատճառներով այս կառավարությունն առիթ է ստեղծել, որպեսզի ցանկացած ամիս թեժ անցնի Հայաստանում։
«Այս ամենի հիմքում դրված է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ և անպատասխանատու վերաբերմուքնը ցանկացած ոլորտում։ Վերջերս ես ինձ բռնեցի այն մտքին, որ այս կառավարությունը կարծեք թե կոմիքսների հերոսների կառավարություն լինի։ Ցավոք սրտի, այդ կոմիքսների գինը վճարում են ժողովուրդն ու պետությունը։ Ես առաջարկում եմ զերծ մնալ այդ կլիշեներից, այո, աշունը լինելու է թեժ, այնպես ինչպես ամառն էր թեժ, այնպես, ինչպես գարունն էր թեժ, այնպես, ինչպես ձմեռն է թեժ լինելու»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա համոզմամբ, այսօր երկրում առկա աճող դժգոհություն, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որի մասին արդեն խոսում են բոլոր մասնագետները։ Նա ընդգծեց, որ ճգնաժամի կանխատեսումները հիմնված են ոչ թե քաղաքական գնահատականների, այլ պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, ինչպես նաև ԿԲ նախագահի՝ կարելի է ասել սկանդալային հայտարարությունների հիման վրա, որոնք կապված են վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական նվազեցման հետ։
«Ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ քաղաքական պրոցեսների հիմքում ընկած են լինելու նաև տնտեսական խնդիրները, որոնք առնչվում է Հայաստանը, և որոնք հետևանք են ոչ այնքան COVID-ի հետևանքով կիրառած սահմանփակումների, որքան այս կառավարության ապիկար քաղաքականության, կարելի է ասել, քաղաքականության բացակայությանը, այդ թվում տնտեսական ոլորտում»,-նշեց նախկին պաշտոնյան։
Սրան զուգահեռ, ըստ Աշոտյանի, տարբեր բևեռներ ունեցող ընդդիմադիր դաշտում ընթացող բուռն գործընթացներն են։
«Իշխանությունը փորձում է կիրառել հին հռոմեական ռազամավարությունը՝ «բաժանիր և տիրիր», բայց այսօրվա դրությամբ դա դեռ չի ստացվում։ Իշխանական քարոզչամեքենան փորձում է շատ հաճախ սեպ խրել, բաժանարար գծեր առաջացնել ընդդիմության ներսում, դա արվում է օրինակ՝ ՀՀԿ-ականներ-Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ-ԲՀԿ ու այլ գծերով, ճամբարներով։ Ի պատիվ մեզ ու մեր գործընկերների, կարող ենք ասել, որ ի վիճակի ենք եղել ու կլինենք, հուսով եմ, անցյալում թողնել մեր ժառանգության ողջ նստվածքը, քանի որ երկրին սպառնացող խնդիրները շատ ավելի կենսական են ու կարևոր, քան անցյալի այն բեռը, որի մասին Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ խոսում է»,-մանրամասնեց Աշոտյանը։
Նրա խոսքով, բացի այդ, իշխանությունը փորձում է ստեղծել սեփական ընդդիմությունը, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց պետք է նոր որակի ընդդիմություն։
«Պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր։ Այսօրվա ընդդիմության նման որակ որևէ ընդդիմություն չի ունեցել։ Հետևաբար Փաշինյանին պետք է անորակ ընդդիմություն, արևմտամետ ընդդիմություն։ Նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությունը, նրանք փորձում են բրոյլեր հավիկների նման հորմոնների վրա նստացել, որպեսզի այսպես կոչված նոր ընդդիմությունը արագ աճի, դառնա խաղացող, հանրային կարծիք ձևավորող, բայց դա այնքան կեղծ ու սուտ պրոեկտ է, որ հասարակությունը չի գնացել դրա հետևից»,-նշեց ՀՀԿ-ական գործիչն ու հավելեց, որ Փաշինյանը ցանկանում է տիրանալ նաև ընդդիմադիր դաշտին, ինչը, այսօրվա ըննդիմադիր դաշտի առաջատարների՝ ի դեմս ՀՀԿ-ի պարագայում պարզապես անհնար է։