ԼՀԿ-ն կմիանա՞ հոկտեմբերի 8-ին անցկացվելիք հանրահավաքին
«Հայկական կողմի արձագանքներին ծանոթ չեմ։ Ես ինքս մի քանի բառով երեկ արձագանքել եմ։ Իսկ Ալիևի հայտարարություններն ինձ համար վստահելի աղբյուր չեն հանդիսանում»,-խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանի վարչապետի հետ ինքը համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի, Փաշինյանը նախ կլուծի ընդդիմության հարցը, ապա կանցնի կառուցողական բանակցություններին։
Նրա խոսքով, Հայաստանում Արցախյան հիմախնդիրը միշտ քաղաքական քննարկումների առարկա է եղել, միշտ շահարկումների առարկա է եղել, բայց այստեղ չկա և չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է եղել գնալու ոչ հայանպաստ լուծման։ Ըստ պատգամավորի, երբ կլինի կոնկրետ փաստաթուղթ, որում ոչ հայանպաստ լուծում կլինի, ապա այն իշխանությունը, որն ընդունել է այդ փաստաթուղթը, մի քանի րոպեում կհեռացվի ղեկից։ Իսկ Արցախյան հարցը, ըստ պատգամավորի, մեզ համար լուծման վերջնարդյունքից շատ հեռու է, իսկ սրանք ընդամենը քննարկումներ են.
«Բանակցությունները վերսկսվելու են, իսկ եթե այդպես չլինի, որպես այլընտրանք պատերազմ է լինելու։ Այլ բան է այն, որ Ապրիլյան պատերազմից հետո բաներ կային, որ մինչ օրս չեն արվել, այ դրանք պետք է բերենք օրակարգ։ Սա է իմ պատկերացումը»։
Հարց- Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը համապետական հանրահավաք են անցկացնելու։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հանրային դժգոհությունն այնքան մեծ է, որ վերոնշյալ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել։ Եվ կարո՞ղ է ԼՀԿ-ն՝ որպես խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժ միանա եռյակին։
Է. Մարուքյան- Հանրահավաքի մասին ձեզնից եմ լսում։ Չգիտեմ՝ ինչ օրակարգով է հանրահավաք հրավիրվել։ Ես բազմիցս նշել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, երբ մեր օրակարգերը համընկնում են։ Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ։ Դրանք հաջողությամբ են պսակվել։ Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և կարծում եմ նոր բան չէ, որ ընդդիմադիր ուժերը հանրահավաք են կազմակերպում։ Կհետևենք ու կտեսնենք՝ ինչ կոչեր են հնչում։ Ինչ վերաբերում է մոբիլիզացիային. ամեն ուժ ունի իր հաշվարկները։ Գուցե իրենք ունեն հաշվարկներ, հարցումներ և գիտեն՝ ինչ քանակով մարդիկ կմասնակցեն։ Այն, որ գործող իշխանություններից դժգոհություններ կան, գիտենք, բայց թե ի՞նչ մակարդակի են հասել դրանք, ես չգիտեմ։ Այդ դժգոհությունները մենք էլ ենք ստանում, մեր օրակարգերն էլ այդ դժգոհությունների հիմքով են ստեղծվում։ Հանրահավաք է, թող անեն, ի՞նչ կա դրա մեջ։ ՀՅԴ-ի հետ էլ ենք մենք քննարկումներ ունեցել։
Հարց- Եթե հրապարակում հնչի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ԼՀԿ-ն կմիանա՞ դրան։
Է. Մարուքյան- Եթե ԼՀԿ-ն ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի հարց։ Մենք չենք սպասում, որ որևէ ուժ որևէ պահանջ ներկայացնի, մենք էլ վազենք, միանանք։ Եթե ունենանք նման պահանջ ու պետք լինի կոնսոլիդացիա, մենք նաև կնախաձեռնենք տարբեր ուժերի հետ հանդիպումներ։ Գիտեք, իշխանության հրաժարականի կոչերը պետք է ունենան հստակ կառուցվածք։ Եթե կա պահանջ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է նաև հնչեցվի՝ ո՞ւմ են ուզում տեսնել վարչապետի աթոռին։ Եթե «Իմ քայլը», օրինակ, Ռոմանոս Պետրոսյանին ընտրի վարչապետ, այդ մարդիկ գոհ կլինե՞ն։ Պետք է հստակ ասվի՝ ի՞նչ է պահանջվում։ Եթե ուզում են Կառավարությունը տոտալ փոխել, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ Այսինքն՝ ամեն հրաժարական պետք է բացվի իր մեխանիզմով, մինչ օրս ես չգիտեմ՝ ինչ է արվում այդ ուղղությամբ։
Հարց- ԼՀԿ-ն ընդհանուր իշխանափոխության ծրագիր չունի՞։
Է. Մարուքյան- Ունի, դա լինելու է 2023 թվականին՝ հերթական խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ ժամանակ իշխանափոխություն կլինի։ Եվ այս իշխանությունից իմ ակնկալիքն այն է, որ նա, ընտրություններից հետո, հանգիստ կհանձնի իշխանությունը։ Ես այլ ակնկալիք չունեմ այս իշխանությունից։ Ես ակնկալում եմ, որ այս իշխանությունն ընտրությունները չի կեղծի, և ՀՀ-ում առաջին անգամ տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն։ Եթե այդպես չլինի, ես այդ ժամանակ կոչերով հանդես կգամ։
Հարց- Դուք բացառո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններ կլինեն։
Է. Մարուքյան- Մեծ քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում։ Բայդ դրա համար 200-300 հազար մարդ պետք է գա ու գրավի ԱԺ շենքը, որ պահանջի արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հարակից հրապարակումներ`
- Որքան մեծ է սուտը, այդքան հեշտ է դրան հավատալ. ԲՀԿ-ն՝ վարչապետի՝ մինչև 2050 թ. ռազմավարության մասին
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին