Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը, ըստ Մակունցի, երազանք է
«Առաջարկում եմ, որ հենց իրենց ուղղեք այս հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ խմբակցությունից հեռանալու մասին լուրերին։
Դիտարկմանը՝ լուրեր կան, որ խմբակցությունից հեռանալու են նաև Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Գոռ Գևորգյանը և Լուսինե Բադալյանը, իմքայլական պատգամավորն արձագանքեց՝ վերոնշյալ պատգամավորներից մի քանիսը հերքել են նշված լուրերը, մյուսների մասով էլ ավելի ճիշտ է հենց իրենցից հարցնել։
Նա վստահեցրեց, որ իր հետ վերոնշյալ պատգամավորները միայն գործնական քննարկումներ են ունեցել։
Հարցին՝ արդյոք խմբակցությունում անհամաձայնություններ չկան, կամ չեն եղել, օրինակ՝ ՍԴ անդամների ընտրության հարցում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ մեր խմբակցությունում աշխատանքաին քննարկումներ եղել են, բայց խնդրում եմ մյուս հարցով հենց այդ պատգամավորներին դիմել։
«Որևէ լուրջ խնդիր չկա, ինձ թվում է՝ պետք է համակերպված լինենք այն իրավիճակի հետ, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Ես համարում եմ, որ սա առողջ երևույթ է»։
Հարցին՝ արդյոք ինքը բացառում է, որ առաջիկայում մանդատը վայր դնող իմքայլական պատգամավորներ կլինեն, իշխանական խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ մենք բռնապետական համակարգում չենք, և ես որևէ կերպ, որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող ոչ որոշում ընդունել, ոչ՝ կարծիք հայտնել։
Ինչ վերաբերում է լուրերին, որ «Իմ քայլը» խմբակցության նիստում թեժ քննարկում է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ապա Լիլիթ Մակունցը նշեց, որ նախարարի հետ խմբակցության վերջին հանդիպման մասին առանձին պատգամավորներ արդեն հայտնել են իրենց կարծիքները, և ինքն ավելացնելու ոչինչ չունի։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մինչև 2050 թվականի ռազմավարության վերաբերյալ ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում հայտնեց՝ այն համեմատելով «Գեբելսյան ստի» հետ, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ մարդկանցից, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել՝ ինչպես կարող է մեր պետությունը զարգացման ռազմավարություն ունենալ, կարելի է նաև նման արձագանք սպասել։
«Այնպես որ առաջիկայում թող նրանք ներկայացնեն հանրությանը, որ չեն հավատում պետության զարգացմանը, չեն հավատում, որ պետք է ժողովուրդն ունենա որևէ երազանք»,- նշեց նա։
Իսկ հարցին, թե ինչու է այդքան երկարաժամկետ ռազմավարություն մշակվում, իշխանական խմբակցության ղեկավարն պատասխանեց՝ սա այն ճիշտ մոտեցումն է, որ քեզ մոտեցնում է քո վերջնանպատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան