ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի
Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն։
«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր ժամը 10։00-ին հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։
Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է»,- նշված է հայտարարության մեջ, որը տարածել է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հարակից հրապարակումներ`
- Դիանա Գալոյան - ԲՈԿ «հակամարտությունը» շարունակվում է․ գիտական աստիճանից զրկելու հրամանն առոչինչ է
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը