Հայաստանի պարտքը հասել է 3 տրիլիոն 852 մլն դրամի
Այս տարվա 7 ամիսների ընթացքում Հայաստանի պարտքը ավելացել է մոտ 240 մլրդ դրամով՝ հասնելով 3 տրիլիոն 851 մլրդ 940 մլն դրամի: Նման թվեր է հրապարակել Հայաստանի վիճակագրական կոմիտեն:
Այդ ծավալից միայն 2 տրիլիոն 937 մլրդ 758 մլն դրամը պետության արտաքին պարտքն է: Այս ցուցանիշները պայմանավորված չեն միայն համաճարակային իրավիճակով, այլ վերջին տարիներին նկատվող պարտքի կայուն աճի գործընթացի հետևանք է:
Ըստ վիճակագրության, վերջին ամիսներին արտաքին պարտքի աճը կազմել է 136 մրդ դրամ: Հունիսի համեմատ միայն հուլիսին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է մոտ 52 մլրդ դրամով:
Դիտարկվող ամիսներին անհամեմատ ավելի մեծ ծավալով է աճում պետության ներքին պարտքը: Հունվար-հուլիսի ընթացքում ներքին պարտքն աճել է 71 մլրդ դրամով: Վերջին ցուցանիշը փաստում է տնտեսական անկման փաստը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 10.2 տոկոսով, որը վերջին տարիների համար աննախադեպ բացասական արդյունք է:
Տնտեսական ակտիվության նվազումն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև ներքին պարտքի չափաբաժնի աճին: Դրան հատկապես կարող է նպաստել կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների հնարավոր ոչ բավարար արդյունքները: Սցենարի նման զարգացման դեպքում նաև արտաքին պարտքի սպասարկման խնդիր կառաջանա ՝ իր բոլոր բացասական հետևանքներով: