ՀԲՄ. Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերն ու միջոցառումները։
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները:
Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:
Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին մասնակցությանը, ապա հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։
Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։
COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։