Փաստաբան. Քննիչ Մուշեղյանի մասնակցությամբ ձեռք բերած ապացույցները ճանաչել անթույլատրելի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանին առաջարկեց անթույլատրելի ճանաչել քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասնակցությամբ ու նրա կողմից հավաքած բոլոր ապացույցները, ավելին՝ նրան հեռացնել վարույթից։
«Նա նախաքննության ողջ ընթացքում առաջնորդվել է ոչ իրավաչափ շահերով՝ անտեսելով քրեադատավարական սկզբունքներն ու կանոնները, չի հանդիսացել լրիվ, օբյեկտիվ նախաքննություն իրականացնող և ապացույցներ հավաքագրած անձ, ինչի մասին վկայում են բազմաթիվ այն խախտումները, որոնք քննիչ Մուշեղյանը թույլ է տվել նախաքննության ընթացքում»,- ներկայացված միջնորդությունն այսպես հիմնավորեց պաշտպանական կողմի ներկայացուցիչը՝ նկատելով, որ տվյալ դեպքում քննիչն առաջնորդվել է անձնային կամ խմբային այլ շահերով, որոնք հակասում են արդարադատության շահին։
Միջնորդությունը ներկայացնելիս Խուդոյանը թվարկեց խախտումները, օրինակ, Ռոբետ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը չի կարող համարվել իրավաչափ։ Դատարանը ևս արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ իրավաչափ կանխակալություն քննիչը ցուցաբերել է նախաքննության ողջ ընթացքում»,- ասաց Խուդոյանը՝ հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը առգրավվել են ու չեն վերադարձրել։ Այս դրվագով ևս Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում է արձանագրել դատարանը։
Փաստաբանը նկատեց՝ թվարկում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների իրավունքների այն խախտումները, որոնք հասաստված են դատարանների կողմից։
Ի թիվս այլ խախտումների՝ փաստաբան Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչի որոշմամբ առգրավվել է Քոչարյանի անձնագիրը և հետագայում հրաժարվել է վերադարձնել, ID քարտը, «Սիստեմա» ԲՖԿ-ին վերաբերող փաստաթղթեր։
Պաշտպան Արամ Օրբելյանն էլ ընդգծեց, որ Մուշեղյանը գործել է՝ ակնհայտ խախտելով ՀՀ օրենսդրությունը․ նրա ցանկացած գործողություն եղել է ապօրինի։ Բացի այդ, նա ունակ չի եղել օբյեկտիվորեն կազմակերպել նախաքննական որևէ գործընթաց, քանի որ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի և գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։
Դատախազ Գևորգ Բաղդասարայանն առարկեց, նշելով, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, դրա հիմքում դրած փաստարկները ընդունելի ու տրամաբանական չեն։ Մեղադրող կողմը խնդրեց առանց քննության թողնել այս միջնորդությունը։
Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը ոչ բավարար համարեց ներկայացված տվյալները և մերժեց պաշտպանների միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների գործողությունները
- Դատախազ Բաղդասարյան. Չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա
- Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան