Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Դատարանը գտել է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկները։
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։
«Եթե դատարանը հիմա վերջնական որոշում կայացներ և պահանջեր այդ նյութերը, ապա մինչ առկա նյութերի և դատակոչված անձանց ցուցմունքերի հետազոտման ավարտը, մենք հասցրած կլինեինք ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Իսկ միջնորդության լուծման հետաձգումը նշանակում է, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը այդ փուլում, ապա դատարանը ստիպված է լինելու մեզ մի քանի ամիս կամ նույնիսկ մի տարի ժամանակ տալ դրանց ծանոթանալու համար»,- ասաց Ալումյանը։
Բացի այդ, ըստ նրա, կարող է անհրաժեշտություն առաջանալ դատակոչված անձանց կրկին հրավիրել դատարան հարցաքննության։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։
Մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով պահանջել է նաև տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը։
Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների գործողությունները
- Դատախազ Բաղդասարյան. Չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա
- Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
- Ռոբերտ Քոչարյան. Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան