Վրաստանում տպագրված հայերեն դասագրքերն արդեն դպրոցներում են
Ջավախքի հայկական դպրոցներում աշակերտների սեղանին է հայտնվել առաջին անգամ Վրաստանում տպագրված հայալեզու դասագրքեր՝ առաջինից մինչև վեցերորդ դասարանների համար: Վրաստանում ուսումնական նոր ծրագրի համաձայն՝ փոքրամասնությունների համար նախատեսված գրքերը պետք է տպագրվեն հենց Վրաստանում: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքային խնդիրը։
Նոր հայերեն դասագրքերով ուսուցումն արդեն մեկնարկել է: Jnews-ն Ախալքալաքի շրջանի դպրոցների տնօրեններից հետաքրքրվել է, ինչպիսի՞ն է նոր տպագրված դասագրքերը: Ախալքալաքի շրջանի դպրոցների տնօրենները հիմնականում գոհ են նոր դասագրքերից, չնայած ընդգծում են, որ դեռևս չեն հասցրել լիարժեք ուսումնասիրել դրանք:
Բավրայի հանրային դպրոցի տնօրենի խոսքերով, Վրաստանում տպագրված նոր դասագրքերն ստացված են:
«Նոր դասագրքեր ստացել ենք, խորացված չեմ հասցրել ուսումնասիրել, սակայն առաջին հայացքից շատ լավն են։ Ուսուցիչները դեռ գոհ են, նախկինում դասագրքի կեսը վրացերեն էր, կեսը՝ հայերեն։ Շատ լավ է, որ հիմա գրքրերն ամբողջովին հայերեն են։ Նոր գրքեր ստացել ենք մինչև 6-րդ դասարանի համար, բոլոր առարկաներից»,- ասաց Բավրայի դպրոցի տնօրեն Միսակ Շիրինյանը:
Բարալեթի հայկական դպրոցի տնօրեն Լենա Կարապետյանն ասել է, որ նոր տպագրված գրքերն ավելի հաջող են թարգմանված. «Օրինակ, ես 7-րդ դասարանի ֆիզիկայի գիրքն եմ կարդացել, ուղղակի զարմացա, որ Վրաստանում այսպես շատ գեղեցիկ է տպագրված ֆիզիկայի հայերեն դասագիրքը։ Ի դեպ, այս գրքրի մեջ բացարձակ վրացերեն չկա, ամբողջովին հայերեն է»։
«Ստացել ենք նոր գրքեր, որոշ չափով կան դժգոհություններ, տպագրական թերություններ, բայց ընդհանուր առմամբ լավ է, ոչինչ, դեռ նոր ենք բաժանել գրքերը։ Քանի որ վրացերենը մեր պետական լեզուն է, վրացերենն ու հայերենը միասին լավ էր, սակայն երեխաների համար էր շատ դժվար, հիմա ավելի հեշտ է»,- ասել է Իխտիլայի դպրոցի տնօրեն Վանուհի Մալխասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի դպրոցներին բաժանված ադրբեջաներենով դասագրքերը փոխարինվել են
- Վրաստանի պատմությունը հայալեզու դպրոցներում՝ ադրբեջաներենով ու ռուսերենով