«Մի քիչ խտացեք, ես էլ խցկվեմ». երևանյան տրանսպորտը՝ կորոնավիրուսի օրերին
Թեև կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն նահանջում, և համաճարակի ընթացքում հանրային տրանսպորտի գործունեության կարգն էլ չի փոխվել, այնուամենայնիվ, հատկապես ուսումնական տարվա մեկնարկից հետո երևանյան հանրային տրանսպորտում սկսել են գործել մինչկորոնավիրուսյան «բարքերը»։
Հիշեցնենք, որ գործող կարգով, միկրոավտոբուսներում արգելված է կանգնած ուղևորների փոխադրումը։ Ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը, արգելվում են ինքնաշեն նստատեղերը։ Բացառություն են 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները, բայց դրանցում էլ կանգնած ուղևորները պետք է իրարից մեկ մետր հեռու լինեն։
Panorama.am-ը վերջին օրերին ահազանգեր է ստանում, որ հանրային տրանսպորտը կա՛մ չի գործում, կա՛մ գործում է՝ «մի քիչ խտացեք, ես էլ խցկվեմ» սկզբունքով։
Քաղաքացիները նեղսրտում են, որ ստիպված են հանրային տրանսպորտում շնչակտուր լինելով և սեփական առողջությունը վտանգելով հասնել աշխատանքի։ Այնուամենայնիվ, սա չարյաց փոքրագույնն է. կան դեպքեր, երբ քաղաքացիները մեկ ժամ սպասում են, որ երթուղայինը գա, սակայն, հասկանալով, որ արդեն շատ են ուշանում աշխատանքից, ստիպված կանգառում երթուղայինին սպասողների մեջ գտnում են իրենց հետ նույն ուղղությամբ գնացող մարդկանց, ապա խումբ-խումբ տաքսիով հասնում աշխատանքի։
«Կայարան-Հաղթանակ թաղամաս երթուղին սպասարկող 23 համարի միկրոավտոբուսը ժամը մեկ է գալիս։ Առավոտյան աշխատանքի հասնելու համար 1.5-2 ժամ շուտ ենք դուրս գալիս տնից»,- նեղսրտեց քաղաքացիներից մեկը։
Մեր մեկ այլ զրուցակից էլ նշեց, որ Արցախի փողոցով անցնող ցանկացած երթուղայինում նույն խնդիրն է, մարդիկ խցկված աշխատանքի են հասնում.
«Բոլոր երթուղայիններում նույն խնդիրն է, բոլորն էլ լիքն են գալիս, ու Արցախի փողոցի կանգառներից նստողները հազիվ կարողանում են խցկվել, և կանգնած աշխատանքի հասնել։ Ու այս պայմաններում խոսվում է, թե հակահամաճարակային միջոցառումներ են արվում, պայքար են տանում։ Թող առավոտյան 44 համարի միկրոավտոբուսի կամ 37 համարի միկրոավտոբուսի ուղևորների քանակին նայեն ու էլի վստահ ասեն, որ կարգը պահպանվում է։ Բայց մարդիկ ի՞նչ անեն, պետք է մի կերպ աշխատանքի հասնեն։ Գոնե այս շրջանում պիտի տրանսպորտային նոր միջոցներ գործարկվեին։ Թե չէ վաղը էլի կասեն՝ քաղաքացիները կանոնները լավ չպահեցին, դեպքերի թիվն աճեց։ Իսկ ո՞նց պահենք, եթե նման պայմաններ են»։
Նույն խնդիրը կա Նոր Նորքում, քաղաքացիները դժգոհում են, որ դեպի քաղաքի կենտրոն գնացող երթուղայիններն արդեն լիքը լցված են հասնում երկրորդ զանգված, ու այստեղ իրենք ստիպված են լինում մարդկանց հրմշտելով բարձրանալ տրանսպորտ։
«Հայկի արձան արդեն պիկ լցված են գալիս, ու մենք էլ ստիպված մեկին հրելով, մեկին սեղմվելով, բարձրանում ենք։ Ի՞նչ անենք։ Մինչև դպրոցների բացումը գոնե վիճակը մի քիչ տանելի էր, կարողանում էինք մի փոքր շնչել։ Հիմա չէ, դիմակը մի կողմից, շոգը՝ մյուս, չորս կողմից սեղմվող մարդիկ էլ՝ երրորդ։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդքան խոսում են տուգանքների, վարորդներին տուգանելու մասին, դեռ դեպք չի եղել, որ էդ լիքը լցված մեքենաները կանգնեցնեն։ Ես, որ ամեն օր նույն պայմաններով գնում եմ, նման դեպքի ականատես չեմ եղել»,- նշեց մեր մեկ այլ զրուցակից։
Քաղաքացիները նշում են նաև, որ պիկ ժամերին փողոցներում նույնիսկ տաքսի «բռնելն» է խնդիր։ Վարորդները կանգնում են, նույնիսկ եթե ներսում արդեն ուղևոր կա՝ օգնելու դրսում ժամերով սպասողներին։
Արդյոք Երևանի քաղաքապետարանը հետևում է հանրային տրանսպորտի աշխատանքին և արդյոք նման խնդիրներ ի հայտ չեն եկել, կամ դրանց մասին բողոքներ չեն ստացվել, Panorama.am-ի հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել, որպեսզի իրենք կարողանան հստակ բողոքների հետքերով գնալ։
Կամ՝ քաղաքապետարանը ասենք ու նայեց վիճակին, որի մասին առանց նայելու էլ գիտի՝ ի՞նչ է անելու։ Ոչ մի տրանսպորտային խնդիր չի լուծել։
Մեր մեկ այլ հարցի, թե արդյո՞ք նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո երթուղայինների տուգանվող վարորդների քանակը չի ավելացել, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց՝ նման տվյալներ կարող են տրամադրել միայն գրավոր հարցման դեպքում, որպեսզի հարցումն ուղարկվի համապատասխան վարչություն և այնտեղից ներկայացվի վիճակագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արաբկիրում հայտնաբերել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ
- Երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար առաջարկություններ է ներկայացվել պարետին
- Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտի ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին