«Տրոյան» կրկին Հայաստանում է
Հայաստանում օգտատերերի 0,07%-ը 2020-ի ապրիլ-հունիսին ենթարկվել է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է համանման ցուցանիշ։
Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են հայաստանցի օգտատերերի 0,1%-ին, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Նույն ժամանակահատվածում այդ վնասաբեր ծրագրերը Վրաստանում գրոհել են օգտատերերի 0,08%-ին, Ադրբեջանում՝ 0,07%-ին։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, մոբայլ բանկային տրոյացիներն աշխարհում ամենաշատը գրոհել են Թուրքիայի (1,29%), Ճապոնիայի (0,90%) և Իսպանիայի (0,71%) օգտատերերին։
2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 38 951 փաթեթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 899-ի դիմաց։
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։
Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները։
Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում համակարգիչների օգտատերերի վրա կտրուկ ուժգնացել են
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաքիչը Հարավային Կովկասում գրոհում են Հայաստանի օգտատերերին
- «Կասպերսկի». Transparent Tribe-ն ամբողջ աշխարհով մեկ լրտեսում է պետական և ռազմական կազմակերպությունների աշխատակիցներին
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է
- «Կասպերսկի». Հայաստանում վնասաբեր ԾԱ-ն ավելի հաճախ հանովի կրիչների միջոցով է ներթափանցում սարքեր
- «Կասպերսկի». Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին
- «Կասպերսկի». Բրազիլական բանկային վնասաբեր ծրագրերն աշխարհով մեկ գրոհում են օգտատերերին