Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում
Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում արդեն յոթ տարի հողակտոր է հատկացված հայ հայտնի բանաստեղծ Համո Սահյանի արձանի տեղադրման համար։ Մրցույթ եղել է, նախագիծն ընտրվել է, սակայն արձանը չկա։
«Այդ հողատարածքը 2013-ին հատկացրել է հողատերը հատուկ Սահյանի հուշարձանը տեղադրելու համար։ Գրությունը ներկայացրել էինք քաղաքապետարան, տվել էր համաձայնություն։
Ինձ համար էլ է հարց, թե ինչո՞ւ մինչև հիմա չի տեղադրվում հուշարձանը։ Մինչև հեղափոխությունը պատճառաբանում էին, թե գումար չունեն, մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանն իրար վրա էին գցում։ Հեղափոխությունից հետո, երբ որ վարչապետն ամեն քայլի վրա հայտարարում է՝ փող ունենք, հիմա պատճառաբանությունը չեմ հասկանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը։
Նա նշեց, որ դիմել է կառավարություն, Ազգային ժողով, քաղաքապետարան, սակայն որևէ արդյունք չկա։
«Ամեն տեղ դիմել եմ։ Ազգային ժողովում կա մեկը, որը զբաղվում է հուշարձանների հարցերով։ Նա պահանջել է քաղաքապետարանից մեր թղթերը, հետո հեռախոսով օգնականն ասել է՝ մենք թղթերը վերացրել ենք ու ձեր ամեն մի բառը ճիշտ է։ Ասացի՝ գիտեմ, որ ճիշտ է, հետո՞։ Հետևանք չեղավ։
Թեժ գծով ուզում էի մտնել վարչապետի մոտ, ասացին՝ չի ընդունում։ Ասացի՝ հեռախոսով հինգ րոպեով միացրեք, պատասխանեցին, որ հեռախոսով չի խոսում։ Գծի վրայի տղամարդն ասաց՝ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել, ներկայացրեցի հարցը։ 10 րոպեից զանգահարեց, ասաց որ խոսել է մշակույթի նախարարի հետ, դիմում գրեք։ Դիմում գրեցի, պատասխանը եկավ՝ քաղաքաշինության նախարարությունը դեռ հերթի չի դրել։ Այդ հիմարները մարդկանց հիմարի տեղ են դնում։ Ի՞նչ է նշանակում հերթի չի դրել, ի՞նչ՝ պետք է գնայի, դուռը ծեծեի, ասի՝ ո՞վ է վերջինը։ Սա ի՞նչ է նշանակում։ Յոթ տարի է հերթի չի դրե՞լ»,- նշեց Ն. Սահյանը։
Մեծ բանաստեղծի որդու խոսքով, պետական ապարատում անբան, տգետ մարդիկ են հավաքված, որոնք չգիտեն՝ առաջնակարգը որն է, հետոն որն է, ինչ պետք է անեն։
«Ամբողջ օրը նստած սպասում են, թե վերևի մարդն ինչ կկարգադրի, դա էլ կանեն։ Վերևինն էլ... ես ոչ կարող եմ գնալ դրանց առաջ չոքեմ, չեմ սիրում նման բաներ։ Որոշումը կայացվել է 2013 թվականին։ Պաշտոնը փոխվի, ով էլ գա, ինքն իրավահաջորդն է այդ որոշման, պետք է կատարեն։
Գնամ քծնե՞մ այդ մարդկանց։ Չեմ կարող։ Մտնե՞մ իրենց կուսակցության մեջ։ Ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, չեմ մտնելու, հիմա էլ չեմ մտնի։ Դա է իմ վերաբերմունքը։ Լոյալ եմ բոլորի նկատմամբ, բայց հիմա արդեն կարմիր գիծն անցել է։ Յոթ տարվա լռությունը բավական է։ Հիմա, իմ կարծիքը, պետք է ասեմ այդ մարդկանց վերաբերյալ»,- ասաց նա։
Նրա խոսքով, իր հոր անունն իր համար չափանիշ է, այդ մարդն ամեն ինչ արել է ժողովրդի համար, նվիրյալ է եղել իր հայրենիքին, ամեն տողից երևում է դա, նորմալ, մաքուր քաղաքացի էր. «Եթե հիմա այդ մարդու նկատմամբ, որը հայ պոեզիայում մեծագույնն էր, մեծագույններից մեկը, այդպես են վերաբերվում, ուրեմն մնացածի նկատմամբ ոնց ուզեն, կվերաբերվեն։ Տրամաբանորեն այդպես է։
Եթե այդ անունները ձեզ համար նշանակություն չունեն, ուրեմն ձեզ համար ոչինչ նշանակություն չունի՝ ոչ ազգ, ոչ հայրենիք հասկացողությունները, ոչ ընտանիք։ Այդպես եմ հասկանում, դրա համար էլ այդպես խոսում եմ այդ մարդկանց հետ։ Մարդ ասածը կոմպլիմենտ է իրենց համար»։
Ն. Սահյանն այլևս ոչ մի պետական կառույցի հետ չի ուզում գործ ունենալ, իր ասելիքն ասելու է, բայց եթե արձագանք չլինի, կլռի, քանի որ՝ «ուրիշ ի՞նչ ունեմ անելու»։
Քանդակի տեղադրման համար, քաղաքապետարանի հաշվարկով, 53 միլիոն դրամ է պետք։
«Սահյանին ո՞ւմ հետ պետք է համեմատեն, ո՞ր չինովնիկի հետ։ Համեմատելու կատեգորիա չէ։ Շատ մեծ բանաստեղծ է։ Վերաբերմունքը կախված է՝ ինչ ժողովուրդ է, ինչ ազգ է, ինչ հոգևոր աստիճանի վրա են կանգնած մարդիկ, ինչպես են հասկանում, արվեստն ինչ դեր ունի մեր հասարակության մեջ։ Եթե այս ենք, ինչ որ կանք՝ օրուգիշեր խոսում ենք քաղաքական գործիչների մասին, ցուցադրում, պետք չէ հույս ունենալ, որ այստեղ ինչ որ մի լավ բան է լինելու։
Եթե հասարակությունը չի հիմնվում արվեստի վրա, բա ինչի՞ վրա է հիմնվում, չի հիմնվում եկեղեցու վրա, արդեն դա էլ են ուզում քանդել, չի հիմնվում ընտանիքի վրա, բա ինչի՞ վրա պետք է հիմնվի։ Օդի մեջ ապրե՞ն։ Առանց այն էլ ինչքան հին տրադիցիոն բաներ կան, սրանք ուզում են ջարդել, չեմ հասկանում նպատակը։ Վերջին հաշվով ամուր ենք, իրար սիրում ենք, հարգում ենք, որովհետև հայ ենք, խոսում ենք հայերեն, դա՞ էլ են ուզում խլել։ Իսկ այդ լեզվի լավագույն ներկայացուցիչները Հովհաննես Թումանյանն է, Համո Սահյանը, Չարենցն է, ... Է խլեք, էդ էլ խլեք։ Այս ամեն ինչը շատ տխուր է»։
Հարակից հրապարակումներ`
- Երբեմնի «հպարտ» քաղաքացիների մերօրյա պատկերը. Հասմիկ Պապյան
- «Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
- Շվարած ու անհանդուրժելի վիճակ
- Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան