Երևանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մարզերում՝ հակառակը
«Անշարժ գույքի շուկայում մենք շարունակել ենք աշխատանքը նաև այն ժամանակ, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին։ Բայց այդ դեպքում դիմումների ամբողջ ծավալը չէինք ստանում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմսայանը։
Նրա խոսքով, երբ կոմիտեն անցել է գրասենյակային աշխատանքի, արդեն թվերը պարզ են դարձել, ըստ էության, 2020 թվականի օգոստոս ամսին գրանցվել է առք ու վաճառքի 16,400 գործարք, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6.3%-ով ավելի է։ Այսինքն՝ ըստ բանախոսի, անշարժ գույքի շուկայում միտումների աճ է նկատվում։
«Եղած սահմանափակումներից հետո նկատում ենք, որ առք ու վաճառքների գործարքները ևս կայուն աճ ունեն։ Հանրապետությունում օգոստոս ամսին գրանցվել է 4904 առք ու վաճառքի գործարք, որից 1323-ը՝ Երևանում։ Այստեղ մի հետաքրքիր տենդենց կա. մարզերի գյուղական համայնքներում գործարքների 39% աճ է գրանցվել, իսկ մարզային քաղաքներում՝ մոտավորապես 7% աճ։ Իսկ Երևան քաղաքում հակառակ պատկերն է՝ գործարքների քանակի նվազում կա»,- ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Հարցին, թե գների հետ կապված ինչ իրավիճակ է՝ թանկացումներ նկատվո՞ւմ են, Սուրեն Թովմասյանը պատասխանեց՝ կառուցապատողներից անշարժ գույքի ձեռքբերման գների աճ հիմնականում գրանցվել է 2018-19 թվականներին։ Նա նշեց, որ հենց այն ժամանակ կտրուկ գնաբարձրացում եղավ, իսկ ներկա պահին ո՛չ գնաճ, ո՛չ էլ գնանկում չի դիտարկվում.
«Շուկայում գնանկում տեղի է ունեցել, բայց չնչին տոկոսներով։ Օրինակ, 2020 թվականի հունիս-հուլիս ամիսների համեմատ, օգոստոս ամսին անշարժ գույքի շուկայում 1.1%-ի չափով գնանկում է տեղի ունեցել։ Ինչպես արդեն նշեցի՝ Երևան քաղաքում գործարքների նվազում է նկատվում, և հենց այդ պատճառով է նաև այս գնանկումը։ Բայց իրական պատկերը կերևա ամբողջ տարվա հաշվետվության արդյունքում»։
Հարց. Եթե համաճարակային իրավիճակը նույն տեմպով ընթանա և չվատթարանա, ինչպիսի՞ կանխատեսում կարելի է կատարել՝ կապված անշարժ գույքի շուկայի հետ։
Ս. Թովմասյան. Խնդիրն այն է, որ դիմումների նման քանակ Կադաստրի կոմիտեն չէր ընդունել, և անցած ամիսների ընթացքում միջին հաշվարկով մենք ունեցել ենք օրական 2900-3000 դիմում, իսկ դա շատ լուրջ ծավալ է։ Դա ցույց է տալիս, որ շուկայում կա աշխուժություն, ու եթե համաճարակային վիճակը չվատթարանա, ապա անշարժ գույքի շուկայում դրական միտումներն էլ ավելի են զարգանալու։
Հարց. Այդ 3000 դիմումների քանի՞ տոկոսն է առք ու վաճառքին վերաբերում։
Ս. Թովմասյան. Այստեղ կան դիմումներ միասնական տեղեկանքի մասին, կան դիմումներ՝ քարտեզից հատված տրամադրելու մասին, արխիվային գործից վերցված պատճենների վերաբերյալ հարցեր կան։ Ներկայացված թիվը համախառն դիմումների քանակի մասին է։
Հարց. Ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ հետաքրքրությունը։ Կա՞ վիճակագրություն, թե ինչպիսի աճ է գրանցվել այդ ոլորտում։
Ս. Թովմասյան. Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը մեզ մոտ տնտեսության գերակա ճյուղերից է, և ոլորտին առնչվող տարբեր աջակցության ծրագրեր կան։ Եվ գյուղատնտեսությամբ զվաղվող գործարարները հնարավորություն են ունեցել ցածր տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել։ Եվ այն, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար ծրագրերից մի քանիսը հենց գյուղատնտեսությանն էին վերաբերում, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց գյուղական բնակավայրերի հանդեպ։
Հարց. Մինչ այսօր Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսային հիվանդության քանի՞ դեպք է գրանցվել, կա՞ն մահվան ելքեր։
Ս. Թովմասյան. Կադաստրի կոմիտեն հետևում է հակահամաճարակային բոլոր միջոցառումներին։ Ցավոք, Կադաստրի կոմիտեի երկու աշխատակիցներ, որոնք ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ, մահացել են։ Սա մեզ համար մեծ կորուստ էր, քանի որ երկուսն էլ բարձր որակի մասնագետներ էին։ Ունեցել ենք երեք վարակված քաղաքացիներ։ Այս պահին բուժման մեջ գտնվողներ չունենք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան