Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
COVID-19
ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 200 հազար մարդ է մահացել. ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը: Նշվում է, որ իրական թվերը կարող են նույնիսկ ավելի բարձր լինել։
Համաշխարհային վիճակագրության մեջ վարակվածների թվով ԱՄՆ-ը առաջին տեղում է։ Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19 վարակի ավելի քան 7 միլիոն դեպք: Մասամբ, այդպիսի բարձր տեմպերը բացատրվում են կորոնավիրուսի մասսայական թեստավորմամբ:
Աշխարհում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 31,783,676-ի, մահացել է 975,471 մարդ։
Եվրոպան COVID-19 նոր ալիքին դիմագրավելու է առանց ամբողջական լոքդաունի․ Եվրոպական երկրները աստիճանաբար վերադառնում են սահմանափակումների՝ COVID-19-ի տարածման պատճառով: Միջոցառումների խստացման մասին հաղորդվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ֆինլանդիայի կողմից: Միևնույն ժամանակ, նոր սահմանափակումների բնույթը հուշում է, որ երկրները չեն ձգտում տոտալ արգելափակման՝ հավանաբար հաշվի առնելով հաջողված «շվեդական սցենարը»:
Քաղաքական
Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները Ստամբուլում․ Աթենքն ու Անկարան պայմանավորվել են սկսել Ստամբուլում բանակցություններ՝ քննարկելու իրենց վիճելի ծովային պահանջները Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Էգեյան ծովում, հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունն հաջորդել է Թուրքիայի, Գերմանիայի և Եվրամիության ղեկավարների հեռախոսազանգին։
Բրյուսելը՝ Լոնդոնին. Դադարեցրեք խաղեր խաղալը․Եվրամիությունը կոչ է անում բրիտանական կառավարությանը լրջորեն որոշել իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի վերաբերյալ: Բանակցությունների նոր փուլը մեկնարկում է այս շաբաթ, բայց երկու կողմերն էլ խոստովանում են, որ բեկումներ չեն փնտրում: Բրիտանական մաքսային օրենքի նախագիծը խախտում է ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագիրը, իսկ Բրյուսելը իրավիճակն անընդունելի է համարում:
Հարավային Կորեան խնդրում է ՄԱԿ-ին՝ օգնել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը պաշտոնապես դադարեցնելու հարցում․ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի տեսաուղերձում կազմակերպությանը խնդրել է աջակցել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը դադարեցնելու հռչակագիր ստորագրելուն: Նրա խոսքով՝ եկել է ժամանակը՝ վերացնելու Կորեական թերակղզու «ձգձգված ողբերգությունը»: Հարավային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի «ամբողջությամբ և հավերժ»:
Կորեական պատերազմը տևեց 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը: Պատերազմի պաշտոնական ավարտ չի եղել:
Ոչ միայն ռուսական, այլև թուրքկան հատուկ ծառայություններ․ Եվրոպացիները բողոքում են թուրքական հետախուզությունից։ Թուրքական հետախուզության գործակալները ամբողջ Եվրոպայում լրտեսում, հավաքագրում են տեղեկատուների և առևանգում են նախագահ Էրդողանի հակառակորդներին: Երբ բանը հասավ Ավստրիային, իշխանությունները խոստացան վերջ տալ դրան:
Տնտեսություն
Airbus-ը աշխատատեղերի կրճատումներ է իրականացնում․ Airbus-ը, որն աշխարհում ամենախոշոր ինքնաթիռների արտադրողն է, հայտարարել է համաճարակի պատճառով ավելի շատ աշխատատեղերի կրճատման մասին։
Airbus-ի գործադիր տնօրենն ասել է, որ կարող է խիստ միջոցներ ձեռնարկվել ավելի շատ աշխատատեղեր կրճատելու համար՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ճանապարհորդության պահանջարկի շարունակական անկման պատճառով։ Եվրոպացի արտադրողն արդեն նախատեսել է կրճատել 15,000 աշխատատեղ։
Հասարակություն
Ջեֆ Բեզոսը հայտարարում է «Բեզոս» առաջին ակադեմիայի մասին․Աշխարհի ամենահարուստ մարդը, Amazon-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է «Բեզոս» առաջին ակադեմիայի մասին, որը լինելու է անվճար նախակրթարան, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար։
Ինստագրամում իր գրառմամբ Բեզոսը հայտարարեց, որ առաջին ակադեմին կգործի հոկտեմբերից՝ Սիեթլից հարավ գտնվող քաղաքում։
Դինոզավրերի թագավորին աճուրդի են հանել․Christie’s աճուրդում վաճառվելու է տիրանոզավրի հսկա կմախքը: Երբևէ հայտնաբերված ամենամեծ, ամբողջական և լավ ուսումնասիրված տիրանոզավրի կմախքի աճուրդը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 6-ին:
Կմախքը, որի տարիքը մոտավորապես 67 միլիոն տարեկան է, ստացել է Ստան անվանումը՝ ի պատիվ պալեանտոլոգի, որն առաջին անգամ հայտնաբերեց նրա կոնքի ոսկորի բեկորը:
Լոտը գնահատվում է 6-8 միլիոն դոլար:
Գիտություն
Ռուսաստանում հայտնաբերվել է հեղափոխական բնական հակաբիոտիկ․ Տյումենի պետական համալսարանի գիտնականները, Ռուսաստանի այլ հետազոտական ինստիտուտների գործընկերների հետ միասին, աշխարհում առաջինն են գտել ունիվերսալ բնական հակաբիոտիկ, որը հաղթահարում է պաթոգենների դիմադրությունը դեղերի նկատմամբ: Հայտնաբերված հակաբիոտիկը կօգնի արդյունավետորեն պայքարել մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ, որոնք առաջացել են բակտերիաներով և սնկերով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան