Ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներն այսուհետ առանց շինթույլտվության կարվի
«Առաջարկվում է ոչ տարանցիկ, ՀՀ մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի բարեկարգման աշխատանքներն ընդգրկել ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն»,- կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ ներկայացնելով համայնքային ճանապարհների կառուցման և բարեկարգման աշխատանքների նոր ընթացակարգը:
Նախագծով լուծումներ են առաջարկվում նոր կառուցվող և վերակառուցվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և կառուցման համար:
Արմեն Ղուլարյանի խոսքով, ներկայում համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որոնց համար ամրագրված ընթացակարգը ժամանակատար է և համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ ծախսարդյունավետ: Այդ պատճառով էլ առաջարկվում է դրանք ընդգրկել ցածր ռիսկայնության դասակարգման սանդղակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ ընդգծված է, որ պետք է բնակավայրն ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, այլ խնդիր է դրված բարելավել գյուղական նշանակության ճանապարհները:
«Շատ դեպքերում ռելիեֆի, համայնքային բյուջեից կախված զուտ գեղագիտական նկատառումներով նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտապատվեն, այլ ուղղակի սալարկվեն: Եկանք այն եզրակացության, որ կան համայնքներ, որոնք իրենց սեփական ռեսուրսն ունեն, օրինակ՝ քարի հանք կա իրենց տարածքում, և կարող են նաև ուղղակի համայնքի միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել»,- հայտարարեց վարչապետը և շինարարական աշխատանքների ընթացակարգի պարզեցումը հիմնավորեց դրանով: