Արտաքին քաղաքականության պատկերացումներում կան որոշակի նյուանսներ. Նիկոլ Փաշինյան
«Արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումներում, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը»,- անդրադառնալով այլ երկրների հետ գործընկերության հարցին՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է, իսկ 2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատությունը, որում Հայաստանին շատ բարձր գնահատական է տրված:
Վարչապետն առաջարկեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացնի ռուսական աշխատությունը:
Վերջինս նշեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է աշխատություն, որում Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցների համապարփակ գնահատական է տրվել: Ըստ Գրիգորյանի, Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի՝ դաշնակցային հարաբերությունների համատեքստում են:
Վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում էլ ԱՄՆ-ի հետ ունենալու են ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ հույս հայտնելով, որ այն համաճարակի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա և ամբողջական տեղի կունենա:
«Կարևոր է ընդգծել, որ մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և շարունակելու ենք դա անել: Եվրամիությունը, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկերներ են, և մենք բնականորեն զարգացնում ենք մեր հարաբերությունները գործընկերների հետ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ԵԱՏՄ շրջանակում առաջիկայում Երևանում սպասվում է միջկառավարական խորհրդի նիստ:
Վարչապետի խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանը ինտենսիվ հարաբերություններ ունի, իսկ Վրաստանի հետ դրանք ավանդաբար ջերմ են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակելու են քաղաքական ուղեգիծը, և գործընկերների հետ հարաբերությունները խորացվելու են:
Նրա խոսքով այդ քաղաքականությունն ունենում է կոնկրետ արտահայտություն, որի մասին են վկայում կառավարության այսօրվա նիստի երկու ֆինանսավորման որոշումները: